Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գյումրու գրասենյակը հյուրընկալեց դպրոցականներին

Մայիսի 27-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզի Գյումրու գրասենյակի իրավաբան՝ Վիկտորիա Եղոյանը, «Նոր լույս» հասարակական կազմակերպության 13-16 տարեկան շահառու դպրոցականների համար անցկացրեց սեմինար «Մարդու իրավունքներ» թեմայով։ Աշակերտներին ներկայացվեց մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաներն ու ներպետական իրավական ակտերը։ Ներկայացվեց  ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների վերաբերյալ դրույթները։ Քննարկվեցին նաև ՀՀ սահմանադրության այն հոդվածները, որոնք ՀՀ սահմանադրության ողջ գործողության ընթացքում չեն փոփոխվել։

Սեմինարը անցավ ինտերակտիվ, հարց ու պատասխանի միջոցով։ Մասնակիցները փորձեցին իրենց պատկերացումներով ներկայացնել թե ի՞նչ է իրավունքը  և ինչ՞ու է անհրաժեշտ քաղաքացուն սեփական իրավունքների իմացությունը: Քննարկման ընթացքում մասնակիցները ծանոթացան հռոմեական ասացվածքին՝ «Որտեղ կա իրավունք, այնտեղ կա պաշտպանություն»։ Դպրոցականներից մեկին հետաքրքիր էր այն հարցը, թե ի՞նչ է անհրաժեշտ լավ իրավաբան դառնալու և մարդու իրավունքների պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար։ Սեմինարի վերջում մասնակից դպրոցականները հայտնեցին իրենց գոհունակությունը և ցանկություն հայտնեցին կրկին մասնակցելու նմանատիպ սեմինարների։