Պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկել են արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտի խնդիրները

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ ապրիլի 27-ին, տեղի ունեցավ արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հատկորոշված խնդիրների ներկայացում, քննարկում և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ամփոփում:

Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ պետական մարմիններից և քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 20 անդամներ:

«Դուք գիտեք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին էր նշել, Եվրամիությունը ավելի մեծ թափով է շարունակելու աջակցություն տրամադրել Հայաստանում կատարվող բարեփոխումների համար, և այսօր հավաքվել ենք հիշյալ նպատակով իրականցվող ծրագրի շրջանակում»,-նշեց Կարեն Զադոյանը և հավելեց, որ այսօր օրակարգային երեք թեմաները ծրագրի թիրախային 9 ոլորտներից են:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը դրական գնահատեց վերոնշյալ թեմաների շուրջ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները, ինչպես նաև նշել է, որ քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկների ճնշող մեծամասնությունը նախարարության կողմից բազմակողմանիորեն քննարկվել և ընդունվել են:

Նա իր խոսքում ընդգծեց նաև կառուցողական երկխոսության կարևորությունը. «Այն հատկապես անհրաժեշտ նախապայման է հաջողության հասնելու և զանազան խնդիրներ լուծելու համար»:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ կարևոր են մարդու իրավունքների, արդարադատության և մյուս ոլորտներում խնդրիների և բարձրաձայնումը և դրանց մատնանշումը․ «Այժմ առավել քան կարևոր է հանրային հարցերի բաց և հրապարակային քննարկումը, Փաստաբանների պալատը շարունակում է օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ փորձագիտական կարծիքների ներկայացումը և միշտ պատրաստ է ծրագրի մասը կազմել»,-նշեց Արա Զոհրաբյանը։

Քննարկման ժամանակ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը նշել է մի քանի խնդիրներ, որոնք առաջացել են օրենսդրական բացերի արդյունքում։ Դրանցից է այն, որ հանրային պաշտպանները վկաներին օգնություն չեն կարող տրամադրել, կամ քաղաքացիներին օգնություն չեն կարող տրամադրել Եվրոպական դատարանում։ Բացի սրանից, չկան նաև հստակ չափանիշներ թե ինչպես կարող են ստուգել հանրային պաշտպանի գրասենյակ դիմած քաղաքացու վճարունակությունը և այլն։

Միջոցառմանը  շահագրգիռ կողմերը քննարկեցին հետևյալ թեմաները՝

Մարդու իրավունքների ոլորտում հատկորոշած խնդիրները

  1. Խտրականության դեմ պայքարի հանրային քաղաքականություների բարելավում`մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման միջոցովԻրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունում և կիրառում)։
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների մշտադիտարկում՝ ներառյալ ՔՀԿների համար մշտադիտարկման գործիքի մշակումը։
  3. Խտրականության դեմ պայքարի ներքին ուղենիշների ընդունում՝ 3 տարբեր պետական կառույցների կողմից, և այլն։

Արդարադատության ոլորտում հատկորոշած խնդիրները

  1. Խոցելի խմբերի համար արդարադատության հասանելիության մեծացում,
  2. Դատական որոշումների կատարման բարելավում,

Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում հատկորոշած խնդիրները

  1. Երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ ներդրում ազգային և տեղական մակարդակներում, ինչպես նաև ՔՀԿների և ՔՀԿների կոալիցիաների շրջանում
  2. ՔՀԿների մասնակցությունը դյուրացված պետական բյուջեի շուրջ քննարկումներում:

 «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: