Առցանց գործիքներ, որոնք օգնում են արդյունավետ դարձնել ՔՀԿ գործունեությունը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում  18 քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ նոր գիտելիքներ ստացան առցանց գործիքների վերաբերյալ, որոնք հնարավորություն են տալիս հանրային վերահսկողության իրականացման և հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունը մեծացնելու։

Դասընթացը կազմակերպվել էր մարտի 30-ին, Երևանում։

«Մենք ներկայումս մեր կազմակերպության կայքի զարգացման ուղղությամբ ենք աշխատում: Եվ այստեղ հետաքրքիր շատ տեղեկություններ ստացանք, որոնք կարող ենք օգտագործել մեր կայքի հասանելությունը մեծացնելու»,- ասաց «Զարգացման սկզբունքներ» ՀԿ հանրայաին կապերի պատասխանատու Քնարինե Սարգսյանը:

«Կին գիտնականների միավորում» ՀԿ նախագահ Արմինե Ավագյանն առաջարկում է նման դասընթացների համար ավելի մեծ ժամանակ ու ռեսուսրներ ներդնել՝ դասընթացը կարևոր է և մեծապես խթանում է կազմակերպության աշխատանքները արդյունավետ դարձնելուն. «Օրինակ, շատ կարևոր էին թիրախային լսարանին ճանաչելու և նրա հետ հետադարձ կապ պահպանելու գործիքները: Կան գործիքներ, որոնք միայն անգլերենով են և այստեղ հայերենով ներկայացվեց, թե ինչպես են դրանցից օգտվում, որոնք են օգտվելու քայլերը»:

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող, «Սիվիտաս» ՀԿ գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ավելի քան 7 առցանց գործիք, որոնց միջոցով հնարավոր է դառնում ավելացնել հասարակական կազմակերպությունների՝ հանրային քաղաքականության ասպարեզում ազդեցությունը։

Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: