«Իշխանությունները պետք է մտածեն արկղից դուրս եւ ապահովեն բարձր քաղաքական կամք` կոտրելու քաղաքական կոռուպցիան»

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի մասին. ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարի բազմաֆունկցիոնալ մարմինը չի ստեղծվում:

– Անցած տարի խորհրդարանն ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք օրենքներ, որոնց մի մասն արդեն գործողության մեջ է: Դրանց արդյունքներն արդեն նկատելի՞ են, առաջընթաց ունե՞նք կոռուպցիայի դեմ պայքարում:

– Այո, ճիշտ եք, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կառավարությանը ներկայացրած` երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհային քարտեզին համապատասխան, Ազգային ժողովի կողմից ընդունվել են ապօրինի հարստացման քրեականացման, ազդարարման համակարգի մասին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ հարակից մի շարք օրենսդրական նախագծեր: Ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ դրույթը գործում է անցած տարվա հուլիսի 1-ից, ազդարարման հարթակը նախատեսվում է գործարկել այս տարվա հուլիսի 1-ից, իսկ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն սույն թվականի ապրիլի 10-ից: Այս ամենը իրոք կարեւոր է, չնայած այն բանին, որ այդպես էլ չցուցաբերվեց քաղաքական կամք` սկսած հակակոռուպցիոն բարեփոխումները ամբողջական եւ անխոցելի տեսքի բերելուց. ես նկատի ունեմ, որ այդպես էլ չստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի բազմաֆունկցիոնալ մարմինը` օժտված հակակոռուպցիոն կրթության, կանխարգելման եւ նախաքննություն (այդ թվում՝ օպերատիվ հետախուզական գործունեություն) իրականացնելու հստակ իրավասություններով: Սակայն շատ կարեւոր էր նաեւ այն, որ իշխանությունները ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի վերջո գիտակցեցին կոռուպցիայի իրական վտանգավորությունն ու սպառնալիքը, հասկացան, որ արդեն ժամանակն է երկխոսել եւ հանրությանը դարձնել դաշնակից կոռուպցիայի հաղթահարման գործում` լավ պատկերացնելով, որ կոռուպցիան մեր երկրում հետզհետե արյան տեսք է ստանում:

Փաստարկված վկայությունը՝ ապրիլյան քառօրյան:

Անշուշտ, վերը նշածս ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները։ Օբյեկտիվ պատճառներից են այն, որ հակակոռուպցիոն բարեփոխումներից որոշները, ինչպես արդեն նշեցի, դեռեւս ուժի մեջ չեն մտել: Ինչպես նաեւ այն, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք դեռեւս չեն ներկայացրել 2017 թվականի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը (ներկայացման վերջնաժամկետը 2018թ.-ի մարտի 30-ն է), որոնցով կարող են ցույց տալ մինչեւ 2017թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ առկա իրենց ապօրինի հարստությունը, քանի որ այդ պահից սկսած ապօրինի հարստացումը քրեորեն պատժելի է: Բացի այդ, համակարգային հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունքները որոշակի ժամանակ հետո են տեսանելի լինում:

Սուբյեկտիվ պատճառներից է այն, որ ներկա փուլում այդպես էլ չստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի բազմաֆունկցիոնալ մարմինը, որը հիմնարար դեր պետք է ունենար կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, դեռեւս չի ստեղծվել նաեւ բացառապես կոռուպցիոն հանցագործությունների նախաքննությամբ զբաղվող նախաքննական մարմինը եւս, որը մեր առաջարկությամբ ներառվել է կառավարության ծրագրում: Սակայն այս գործընթացը որքան հնարավոր է շուտ սկսելու վերաբերյալ կառավարությանը ներկայացրած մեր առաջարկությունները, դեռեւս ոչ հիմնավոր պատճառաբանություններով, արհեստականորեն ձգձգվում են:

– Ի վերջո, որո՞նք են հիմնական պատճառները, որ Հայաստանը չունի լուրջ առաջընթաց կոռուպցիայի հաղթահարման առումով: Այս ամենի ապացույցներն են հակակոռուպցիոն հեղինակավոր ուսումնասիրություններում մեր երկրի ցուցանիշները:

– Անդրադառնալով պատճառներին՝ ցավով պետք է նշեմ, որ հիմնական պատճառն այն է, որ իշխանությունների մոտ դեռեւս չի ձեւավորվել կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ամբողջական պատկերը. այդ պայքարի ռազմավարության, նպատակի, հանրության կյանքում ակնկալվող դրական փոփոխությունների ու արդյունքների, պայքարի հիմնական երեք հենասյուների` հակակոռուպցիոն կրթության, հակակոռուպցիոն կանխարգելման եւ պատժից անխուսափելիության վերաբերյալ, գործիքների ու մեխանիզմների անլիարժեքությունն ու անհստակությունն է, դրանց միջեւ ներդաշնակ փոխհամագործակցության ու փոխազդեցությունների բացակայությունը:

Իսկ երբ դեռեւս չկա կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ամբողջական պատկեր, ապա դժվար է հաջողություններ գրանցել պատկերի առանձին օղակներում, ինչպես նաեւ ապահովել դրանց սիներգիան ընդհանուր պատկերը գեներացնելու առումով:

Հռետորական հարց է առաջանում՝ ինչի՞ց սկսել: Պատասխանը հետեւյալն է` մտածել արկղից դուրս եւ ապահովել բարձր քաղաքական կամք` կոտրելու քաղաքական կոռուպցիան, դրա կարեւոր հենարանը հանդիսացող ներկայիս օլիգարխիկ տնտեսական համակարգը, ապահովել կոռուպցիայից զերծ ազատ տնտեսական միջավայր, ապահովել գերմաքուր ընտրական համակարգ, պետական գնումներ եւ մրցույթներ, սկսել իրական կադրային բարեփոխումներ հանրային ծառայության ոլորտում: Արդյոք արվո՞ւմ է այս ամենը այսօր: Համակարգային առումով, ցավոք, ոչ ամբողջապես: Ինչպե՞ս գնալ առաջ: Կարծում եմ՝ այս դեպքում ճիշտ է հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ համակարգ ստեղծել` հակակոռուպցիոն բարեփոխումների ամբողջական մատրիցայի տեսքով:

Իմ գնահատմամբ՝ այժմ մեր երկիրը հակակոռուպցիոն համակարգի ստեղծման ճանապարհին է: Լինելով դրսում, սակայն այդ հարցերում ռացիոնալ հարաբերություններ հաստատելով եւ համագործակցելով իշխանությունների հետ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կարողացել է Հայաստանում հակակոռուպցիոն արդյունավետ համակարգի առաջին օղակները ստեղծել, ինչպես արդեն նշեցի վերեւում: Այդպիսի արդյունավետ համակարգի ամբողջական կառուցումը ինքնըստինքյան երկրում բերելու է կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ամբողջական պատկերին` ինչպես իշխանությունների մոտ, այնպես էլ հանրության: Այս ամենն էլ իր հերթին է բերելու քաղաքական բարձր կամքի իրականացմանը` անկախ իրականացնողի անձից, դիրքից եւ պաշտոնից:

Հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի մյուս կարեւոր հարցը կադրային հարցն է: Արդյոք այսօր իշխանությունները ունե՞ն բավարար կադրեր, որոնք ի վիճակի են հակակոռուպցիոն արդյունավետ համակարգ կառուցել եւ առաջ տանել ամբողջական հակակոռուպցիոն բարեփոխումները, որոնք հանրության համար սպասվող դրական փոփոխություններ կբերեն եւ կսպասարկեն բացառապես հանրային շահը: Պատասխանը, ցավոք, ոչ է` փաստարկված վկայությունը հանրային ծառայություններ մատուցող պետական մարմիններում առկա լուրջ կոռուպցիոն ռիսկերն են զանազան ոլորտներում՝ սկսած սոցիալական, առողջապահական ոլորտներից, վերջացրած արդարադատության ոլորտով:

Անդրադառնալով կոռուպցիայի ընկալման միջազգային ցուցիչներին՝ ընդամենը փոքր անդրադարձ կատարեմ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» կողմից սույն թվականի փետրվարի քսանմեկին հրապարակված 2017թ.-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալներին, ըստ որոնց՝ Հայաստանը 2 միավորով բարելավեց իր համաթիվը նախորդ տարվա համեմատ` 33-ից այն դարձնելով 35, որի շնորհիվ 180 երկրների շարքում զբաղեցնում է 107-րդ հորիզոնականը` նախորդ տարվա 113-րդ հորիզոնականի փոխարեն: Սա այն հիմնական տեղեկատվությունն էր, որը թե՛ կառավարական, թե՛ հակակոռուպցիոն ՔՀԿ ու փորձագիտական տարբեր շրջանակներ հանրությանը մատուցեցին եւ իրենց աշխատանքները կատարած համարելու բարձր գիտակցությամբ հանգիստ անցան իրենց առօրյա գործերին, որպեսզի հաջորդ տարի նույն մեխանիկական հաջորդականությամբ բարձրաձայնեն արդեն 2018թ.-ի տվյալները:

Այժմ ես, Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ուսանողների հետ միասին, ուսումնասիրում եմ ՀՀ 2017 թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրների մանրամասն տվյալները` հասկանալու եւ քննարկման առարկա դարձնելու, թե որ օղակներն են մեզ մոտ թերացել, ինչ անել, որ բարելավել եւ առաջընթաց գրանցել` մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու համար: Փաստացի, հակակոռուպցիոն բարեփոխումների մատրիցայի նոր օղակ ենք ստեղծում` այսուհետ փորձագիտական եւ պետական մակարդակում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» կողմից յուրաքանչյուր տարի հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանին վերաբերող ցուցանիշները քննարկելու, գնահատական տալու, ինչպես նաեւ դրանց բարելավման ուղղությամբ առաջարկներ ներկայացնելու համար: Ամբողջական պատկերը ստանալու համար պետք է հասկանալ բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, որոնք տեղ են գտել այս տարի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ընկալման համաթիվը հաշվարկելու համար հիմք հանդիսացող հետեւյալ վեց հետազոտություններում` «Բերթելսմանի» հիմնադրամի 2017-2018թթ. տրանսֆորմացիոն համաթվի, «Ֆրիդոմ Հաուսի» անցումային փուլում գտնվող պետություններ 2017թ. ուսումնասիրության, «Գլոբալ Ինսայթի» երկրի ռիսկայնության 2017թ. վարկանիշի, «Փոլիթիքլ Ռիսքս Սերվսիզ Ինթերնեյշնլի» երկրի ռիսկայնության 2017թ. ուղեցույցի, Համաշխարհային տնտեսական ֆորումի ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցումի (2017թ.) եւ Ժողովրդավարության բազմազանության ծրագրի (2017թ.):

Շարունակելի

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» 29.03.2018 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/03/30/945805/