Հայաստանը կարող էր ունենալ կոռուպցիայի ընկալման համաթվի ավելի բարձր ցուցանիշ․ Կարեն Զադոյան

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը երեկ հրապարակեց 2017 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Համաձայն դրա՝ Հայաստանը 2 միավորով բարելավել է իր համաթիվը՝ նախորդ տարվա համեմատ` 33-ից այն դարձնելով 35, որի շնորհիվ 180 երկրների շարքում զբաղեցնում է 107-րդ հորիզոնականը` նախորդ տարվա 113-րդ հորիզոնականի փոխարեն:

«Այս, թեկուզև չնչին առաջընթացը կարևոր է մեր երկրի, հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկների և իմ համախոհների համար, որոնց ջանքերի շնորհիվ երկրում երկու տարի առաջ մեկնարկեց հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները սկսել են տալ իրենց առաջին պտուղները, իսկ հիմնական արդյունքները ՀՀ քաղաքացիները առաջիկա տարիներին կզգան իրենց կյանքի որակի բարելավման վրա»,- նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

Նա նաև հավելեց, որ, ցավոք, իր կողմից առաջարկված հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհային քարտեզով նախատեսված վարչական` հանրային ծառայություների ոլորտում առկա կոռուպցիայի նվազեցման համար մասնագիտացված ՔՀԿ-ների կողմից հակակոռուպցիոն կենտրոնների գործարկումը մինչ այս պահը չի իրականացվել, չնայած այն բանին, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում հարցը քննարկվել է և կա արդարադատության նախարարին ուղղված և դեռևս չկատարված վարչապետի հանձնարարականը:

«Եթե այս հարցը երկու տարի առաջ կարգավորվեր, վստահ եմ, որ Հայաստանն այսօր կունենար առավել բարենպաստ վարկանիշ հրապարակված վերոհիշյալ հետազոտությունում: Ինչևէ, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան շարունակելու են իրենց աշխատանքները մեր երկիրը ավելի մաքուր, իրավական և թափանցիկ դարձնելու ուղղությամբ` հանձնառու լինելով մեր երկրի քաղաքացիների հակակոռուպցիոն փոփոխությունների վերաբերյալ սպասումներին և ակնկալիքներին, շարունակելով մեր ռացիոնալ համագործակցությունը համապատասխան պատկան մարմիների և միջազգային կազմակերպությունների հետ»,- ասաց նա: