Շիրակի մարզի ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացվեց հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի և դրանում արված վերջին փոփոխությունների մասին այսօր Գյումրիում դասընթաց կազմակերպվեց Շիրակի մարզում գործող գործող քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կողմից։

Տեղի ունեցած քննարկում-դասընթացը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Օրենսդրական նորամուծությունները ավելի քան 15 ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացրեց ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը։ Միջոցառման մասնակիցների հիմնական մասը կանայք էին։

«Բավականին մանրամասն տեղեկություններ ստացանք նոր օրենսդրության վերաբերյալ։ Հիմա աշխատում եմ կանոնադրության փոփոխման վրա ու բավականին նշումներ արեցի, որոնք կարող եմ ներառել դրանում։ Կարևոր էր ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ՀԿ անդամներ ներգրավելու,  և աուդիտ անցնելու կարգը»,- ասաց «Ախուրյան» երիտասարդական ՀԿ նախագահ Լևոն Իգիթյանը։

Ինչպես նա, այնպես էլ մասնակիցներից «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ ներկայացուցիչ Ռոզա Ավագյանը նշեցին, որ նորություն է եղել աուդիտի անցկացման վերաբերյալ դրույթները, մասնավորապես, որ հանրային միջոցներից 5 միլիոն դրամից ավելի ֆինանսավորում ստանալու դեպքում պետք է պարտադիր աուդիտ անցկացվի և դա պետք է արվի ՀԿ միջոցներով։

Մարատ Ատովմյանը ներկայացրեց նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի հիմնական նպատակը Հայաստանում ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում։

Դասընթացի ավարտից հետո Մարատ Ատովմյանը պատասխանեց հարցերին ու հայտնեց, որ ՀԿ գործունեության վերաբերյալ ծրագրի շրջանակում իրավաբանական անվճար խորհրդատվություն ու օգնություն է տրամադրվում։

Հիշեցնենք, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: