Բիզնեսը խոսում է. աշխատաժողով ոլորտի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ

Մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, բիզնես ոլորտի ասոցիացիաներ և ներկայացուցիչներ, պետական պատասխանատու մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ. նման մասնակցությամբ այսօր մեկնարկեց «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովը, որին մասնակցում էին 50 անձիք:

Թեմաները տարբեր էին, բարձրացված խնդիրներն՝ արդիական, լուծման առաջարկներտ տրվում էին: Եթե նախկինում բիզնեսը ներգրավված չէր կոռուպցիայի դեմ պայքարում, չէր բարձրաձայնում, խուսափում էր անմիջական ազդեցություն ունենալ, ապա ներկայումս իրավիճակը փոխվել է և փոխվել է հենց նմանաբնույթ քննարկումների արդյունքում:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը այս տեսանկյունից շեշտեց. «Մեկ տարի առաջ բիզնեսը որևէ նշանակալի մասնակցություն չուներ կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք հռչակեցինք, որ շատ կարևոր է բիզնեսը հասկանա իր դերն ու տեղը: Առաջին հերթին բիզնեսը կարող է մասնակից լինել կոռուպցիոն գործողությունների: Ի վերջո, կոռուպցիայի դեմ պայքարում շահառու են նաև բիզնես կառույցներն ու միավորումները»:

Բիզնեսի ներգրավվման գորշընթացի մեկնարկը տրվել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ջանքերով, այսօր հաջողություններն ակնհայտ են: Ասում էր պարոն Քրմոյանը. «Ես չեմ ուզում ասել, որ մենք շատ մեծ արդյունքներ ունենք, բայց ուզում եմ նաև չանտեսնենք այն արդյունքները, որ հիմա առկա է: Նախ և առաջ սսկսեց բիզնեսը ակտիվանալ, սկսեց խոսել խնդիրների մասին: Վերջերս նաև նկատել ենք, որ բիզնես միավորումները փորձում են կոռուպցիայի հետ կապված հարցերը բարձրաձայնել, քննարկել ու լուծել»:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը աշխատաժողովի մասնակիցներին դիմելով՝ շեշտեց՝ մենք արդեն շատ քիչ ժամանակ ունենք, որ միայն բարձրաձայնենք, առաջադրված խնդիրները լուծելու պահն է հասունացել: Այս տեսանկյունից, ըստ բանախոսի, կառավարությունը սկսել է առավել կառուցողական աշխատել. «Այդ կամքը մենք տեսնում ենք ու այդ կամքի արտահայտումն է նաև այն, որ կառավարությունը շատ կարևոր ներկայացուցչական կարգով է մասնակցում միջոցառմանը»,- ասաց պարոն Զադոյանը:

Բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանն ինչքան շուտ հասնենք, այնքան կշահի մեր տնտեսությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը կարևորում է խնդիրների մասին բարձրաձայնումը. «Մենք բոլորս անընդհատ հավաքում ենք, խոսում ենք խնդիրների մասին: Այն շատ կարևոր դեր է խաղում, այն մարդկանց իրազեկվածության մակարդակն է բարձրացնում: Կոռուպցիան այն հիմնական խնդիրներից մեկն է, որը խոչընդոտում է տնտեսական աճին: Կոռուպցիան բիզնեսի թշնամին է, նա խժռում է այն ամենը, ինչ պետք է միտված լինի ներդրումների համար»,- շեշտեց պարոն Ազարյանը:

Այն իրականացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Այս աշխատաժողովի իրականացնողները Իրավաբանների հայկական ասոցիացիան ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան են, գործընկերները` ՀՀ արդարադատության նախարարությունը և Իմֆորմացիայի ազատության կենտրոնը, միջոցառումը համաֆինանսավորվում է «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կողմից:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանի խոսքերով` բիզնես ընկերությունները կոռուպցիայի դեմ պայքարում մեծ ու հզոր ուժ են ներկայացնում. «Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ վնասակարություն ունի կոռուպցիան մեր երկրում ու ինչ մեխանիզմներ են հարկավոր ներդնել այն նվազեցնելու համար: Ասեմ միայն, որ տնտեսության մեջ շատ կարևոր է ճիշտ համակարգերի կիրառումը, կորպորատիվ կառավարումը, փողերի «լվացումը», այսինքն` կոռուպցիայի հետևանքով առաջացած ֆինանսական հոսքերի դադարեցումը»,- ընդգծեց նա` «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովին:

Այս, ինչպես նաև նախորդ տարին նմանաբնույթ քննարկումներն առանձնանում են այն հանգամանքով, որ հենց բիզնես ոլորտն է աջակցություն ցուցաբերում աշխատաժողովի իրականացմանը, տվյալ դեպքում` «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը. «Կարևորում եմ այս միջոցառումը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում` պետության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ»,- շեշտեց այս համալիրի տնօրեն Սիրանուշ Կայծակյանը:

Սրանք բացման խոսքերն են, այնուհետև սկսվեցին քննարկումները: Կառավարության, բիզնես կազմակերպությունների և ՔՀԿ-ների համագործակցությունը բիզնես ոլորտի կոռուպցիայի դեմ պայքարում. հնարավորություններ և մարտահրավերներ թեմային անդրադարձան Սուրեն Քրմոյանը, Կարեն Զադոյանը և ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը:

Ըստ վերջին բանախոսի՝ Մինչ այժմ մեզ առավել հայտնի կոռուպցիոն դրսևորումները բիզնես ոլորտում հետևյալն են՝ մաքսային ձևակերպումներում, հարկային մարմինների հետ շփումներում, պետական գնումներում, ՏԻՄ-երում՝ գովազդ, թույլտվություններ և այլն:

Ըստ նրա՝ մաքսային ձևակերպումների ժամանակ ի հայտ են գալիս՝ «Գործարքի Գնի» մեթոդ կիրառել-չկիրառելու հարցերում, մաքսային զննություններ իրականացնելիս, փոքր բեռների համար ցամաքային սահմանը հատելիս մաքսային վերահսկողություն իրականացնելիս, այլ պահանջվող սերտիֆիկատներ, տեղեկանքներ պահանջելիս:

Կոռուպցիայի դեմ պայքարը գործարար ոլորտում և օֆշորային գոտիներից բխող վտանգներին անդրադարձավ Մարիամ Զադոյանը՝ ԻՀԱ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ, փաստաբան:

Նա խոսեց միջազգային փորձից՝ դրանք ներկայացնելով վերջին իրադարձությունների համատեքստում: Մարիամը նաև անդրադարձավ Whistleblower-ների պաշտպանության ինստիտուտի ներդրման և երաշխիքների սահմանման գործընթացից:

Պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և դրանց նվազեցմանն ուղղված բարեփոխումների իրականացման անհրաժեշտության մասին խոսեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը:

Նա ներկայացրեց ոլորտը և վիճակագրություն՝ շեշտելով, որ մեկ անձից կատարվող գնումների դեպքում, պայմանագրային գինը երբեք չի պակասել նախահաշվային գնից, և հաճախ գերազանցում էր շուկայական արժեքը:

Լրագրողական հետաքննությունները պետական գնումների և պետական գույքի օտարման ոլորտում թեման ներկայացրեց Իրավաբան.net անկախ, մասնագիտացված կայքի լրագրող Աստղիկ Կարապետյանը:

Նրա կարծիքով՝ որտեղ կա «վաճառելու» և «գնելու» ինչ-որ բան, այնտեղ կոռուպցիոն ռիսկերը մեծանում են. սա խնդիր է աշխարհի բոլոր երկրներում: Նա շեշտեց, որ կոռուպցիան պետական գնումների ոլորտում միայն փողը չէ. այն նաև նվազեցնում է ապրանքների և ծառայությունների որակը, այն կարող է կյանքեր արժենալ:

Աստղիկ Կարապետյանը իր պնդումները հիմնավորեց կայքում հրապարակված սեփական հետաքննությունների օրինակներով:

Վերջում առաջադրեց սեփական լուծումներ, դրանք են՝ վերահսկողություն՝ քաղհասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների կողմից, խնդիրների հրապարակայնացում, օրենսդրական փոփոխություններ, կարգավորման և վերահսկման մեխանիզմների ներդրում:

Զեկույցով հանդես եկավ նաև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, նա խոսեց մենաշնորհներից՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթներին, ինչպես նաև շեշտը դնելով միջազգային փորձի վրա:

«Ազատ մրցակցության և մոնոպոլիաների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացումը» թեման ներկայացրեց Մարատ Ատովմյանը՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: Նրա խոսքերով՝ մենաշնորհները առաջանում են այնտեղ, որտեղ կոռումպացված իշխանությունը սերտաճում է կրիմինալի և բիզնեսի հետ: Արդյունքում աճում է տնտեսական հանցավորությունը, մենաշնորհները ուժեղացնում են սոցիալական բևեռվածությունը, խորացնում են աղքատությունը: Դա հանգեցնում է սոցիալական անկայունության և ներազդում է տնտեսական և ազգային անվտանգության վրա, իսկ առանց մրցակցության չի լինի աշխատանքի արդյունավետության աճ, որն իր հերթին նպաստում է աշխատատեղերի ավելացմանը և սոցիալական խնդիրների լուծմանը:

Զեկույցներ ունեցան նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Կարեն Վարդանյանը, Հարկ վճարողների պաշտպանություն ՀԿ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը, տնտեսագետ Բաբկեն Թունյանը և տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

Պետական մարմինների ներկայացուցիչներից զեկույցներ ունեցան և մասնակիցների բարձրացված հարցերին պատասխանեցին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետակաան ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը:

«Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում. արձանագրված ոլորտային խնդիրները և հետագա անելիքները» աշխատաժողովն իրականացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ:

Այս աշխատաժողովի իրականացնողները Իրավաբանների հայկական ասոցիացիան ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան են, գործընկերները` ՀՀ արդարադատության նախարարությունը և Իմֆորմացիայի ազատության կենտրոնը, միջոցառումը համաֆինանսավորվում է «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կողմից: