Ընտրական իրավունքների իրազեկության և պաշտպանության քարոզարշավ

«Ընտրական իրավունքների իրազեկության և պաշտպանության քարոզարշավ» ծրագրի շրջանակներում, որը ՀԵԻԱ-ն իրականացրել է Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան Մատրա ԿԱՊ փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ, ՀԵԻԱ-ի կողմից տպագրվել են 10 անուն տեղեկատվական թերթիկներ, յուրաքանչյուրից 10000 օրինակ, որոնք ՀԵԻԱ-ի կամավորների և գրասենյակների միջոցով անվճար բաժանվել են Երևանի, ՀՀ մարզկենտրոնների և ՀՀ մի շարք գյուղերի բնակչությանը: Տեղեկատվական թերթիկները վերաբերում են ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգին ու պայմաններին, ընտրողների ու ընտրվողների իրավունքներին ու պարտականություններին, ընտրական իրավունքի խախտման համար նախատեսված պատասխանատվությանը:

«ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում Հայաստանում գործող ընտրական համակարգի, ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, ՏԻՄ-երի ընտրությունների անցկացման ընդհանուր պայմանների և այս գործընթացում քաղաքացիների իրավունքների վերաբերյալ:

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում Հայաստանի Ազգային ժողովի ընտրակարգի, պատգամավորության թեկնածուների և պատգամավորների իրավունքների, պարտականությունների, գործունեության երաշխիքների մասին:

«ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում ընտրողների ցուցակների կազմման և վարման, հաշվառում չունեցող անձանց ցուցակներում ընդգրկվելու կարգի, ընտրողների ցուցակների մատչելիության, ինչպես նաև ընտրողների ցուցակների անճշտությունները ճշտելու կարգի վերաբերյալ:

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում նախընտրական քարոզչության ընդհանուր պայմանների, քարոզչության իրականացման ձևերի, քարոզչության իրականացման սահմանափակումների և հարակից հարցերի վերաբերյալ:

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ»

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկացնում է նախընտրական քարոզչության ֆինանսավորման, նախընտրական հիմնադրամների ձևավորման, ծախսերի թափանցիկության ապահովման և հարակից հարցերի մասին:

«ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ ընտրական գործընթացի մասնակցության, նրանց գրանցման և հավատարմագրման, նրանց իրավունքների և երաշխիքների մասին:

«ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկացնում է քվեարկության ընթացակարգին և դրա փուլերին ընտրողների մասնակցության մասին: Մասնավորապես նկարագրվում է քվեարկության կարգը և ընտրողի իրավունքները տվյալ գործընթացում:

«ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ»

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկացնում է ընտրական գործընթացի տարբեր փուլերում հնարավոր խախտումների մասին: Մասնավորապես նշված են առավել հրատապ և ընտրությունների ելքի վրա ազդող հնարավոր խախտումները:

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ»

Սույն տեղեկատվական թերթիկում տրվում են այն արարքները, որոնց համար սահմանվում են վարչական և քրեական պատասխանատվություն, հղումներ են արվում համապատասխան արարքներին և պատասխանատվություն սահմանող օրենքներին և հոդվածներին:

«ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ»

Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում խախտված ընտրական իրավունքների վերականգնման մեխանիզմների, մասնավորապես դատական կարգով խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունների և ընթացակարգերի մասին: