Գավառում ՔՀԿ ինկուբատորների մասնակիցներին ներկայացվեց փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման չեխական փորձը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 28-ին Գավառի ՔՀԿ ինկուբատորի մասնակիցներին ներկայացվեց փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման չեխական փորձը: Հանդիպումը վարում էր ԻՀԱ Գեղարքունիքի մարզային իրավաբան, ՔՀԿ ինկուբատորի պատասխանատու Լիանա Մակվեցյանը:

Հանդիպման ընթացքում Լիանա Մակվեցյանն անդրադարձավ փաստարկված քաղաքանության մշակման համար կարևորագույն հարցին՝ հաղորդակցությանը: ՔՀԿ ներկայացուցիչների հետ միասին քննարկեցին, թե որքանով են բաց ՔՀԿ-ները հաղորդակցության համար, արդյոք քաղաքականություն մշակելիս հաղորդակցության կողմ են դառնում ոլորտի բոլոր շահակիրները: Այնուհետև ներկայացվեցին այն գործիքները, որոնց միջոցով հանրային քաղաքականության մշակումն էլ ավելի արդյունավետ կլինի: Մասնակիցները ծանոթացան չեխական Բռնո քաղաքի վերաբնակեցման ծրագրին, որն էլ հենց փաստարկված հանրային քաղաքականության մի օրինակ էր:

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն միավորվելու և մարզային կոալիցիա ստեղծելու մասին, որն էլ կիրականացնի մարզում փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում ու իրագործում:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: