ՔՀԿ կոալիցիաները ներկայացնում են իրենց ծրագրերն ու որդեգրած քաղաքականության ռազմավարությունները

Արդեն չորրորդ օրն է, ինչ Աղվերանում շարունակվում է «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությունը Չեխիայի Հանրապետությունում, Հանրային քաղքականությունների, երկխոսության զարգացում․ Քաղած դասեր՝ ինկուբատորների գործարկման փորձ» թեմայով դասախոսությունը։

Սեմինարն անց է կացվում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։

5-օրյա սեմինարի նախորդ օրերին չեխական «Ագորա» ՀԿ փորձագետ Վոյտեկ Չերնիի մատուցմամբ դասընթացի մասնակիցներին էր ներկայացվել արագ քարտեզագրման մոտեցումը (ROMA approach- RAPID OUTCOME MAPPING APPROACH), ինչպեսև հաջողված քաղաքականության մշակման մասնակցության մեթոդաբանությունն ու դրա ազդեցության չափման մեթոդը։

Այսօր մասնակիցները պրակտիկ աշխատանքներ իրականացրին և ամրապնդեցին իրենց գիտելիքները՝ թեմայի հետ կապված, մշակեցին իրենց ներգրավվածության ռազմավարության շրջանակները:

Այնուհետև, ծրագրի շրջանակներում կազմավորված կոալիցիայի ցանցերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց ՀԿ դաշինքները, դրանց կողմից մշակված ռազմավարությունները և այլն։

Մասնակիցները նաև քննարկումներ ունեցան, թե ի՞նչ մեթոդներ, գործիքներ և ռեսուրսներ են անհրաժեշտ քաղաքականությունների վրա ցանցերի ազդեցության գնահատման համար։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: