Բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը հանդիպել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀ ներկայացուցիչներին

Հուլիսի 19-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների մասնակիցները աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանի հետ:

Ողջունելով ՔՀԿ-նախարարություն հանդիպման նախաձեռնությունը, Այսեր Ղազարյանը նշեց, որ ՔՀԿ-ները կարևոր ու առանցքային գործ են իրականացնում։ Հանդիպման մասնակիցներին ներկայանալով՝ նորանշանակ փոխնախարարը նշեց, որ մասնագիտությամբ անտառագետ է, իսկ ավելի ուշ մասնագիտացել է կենսառեսուրսների կառավարման մեջ՝ մոդեռնիզացիոն գործիքակազմով, խորացած է իրավական ոլորտում և երկար տարիների աշխատանքային փորձ ունի։

Ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը փոխնախարարին ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, ինչպեսև նշեց, որ բնապահպանությունը ծրագրի ուղղություններից մեկն է և կարիք կլինի ակտիվ համագործակցել նախարարության հետ։

Նշենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: