Պաոլա Սեվերինոն հանդիպեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սեվերինոյի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. հուլիսի 19-ին հանդիպում ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի և ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Կարեն Զադոյանը ներկայացրել է Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն ասոցիացիայի կողմից նախաձեռնված և կառավարության կողմից իրականացված հակակոռուպցիոն մի շարք բարեփոխումներ, այդ թվում ապօրինի հարստացման քրեականացումը, ազդարարման համակարգի և հակակոռուպցիոն անկախ մարմնի վերաբերյալ օրենքների ընդունումը, հանրային գնումներում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը և մի շարք այլ բարեփոխումներ: Կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցոնալ հիմքերի վրա դնելու նպատակով Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը կարևորեց Հայաստանում ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը օժտված կլինի կրթական, կանխարգելիչ, նախաքննական, այդ թվում հետաքննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթներով: Կարեն Զադոյանը նաև նշեց, որ ներկայումս հարուցվել են երկու քրեական գործեր ապօրինի հարստացման հանցակազմով:

Տիկին Սեվերինոն բարձր գնահատեց հակակոռուպցիոն պայքարի կարևորությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետևողական գործողություններն այս ոլորտում: Հաշվի առնելով Իտալիայի փորձն այս ոլորտում՝ վերոնշյալ բարեփոխումների շարքում Սեվերինոն հատկապես կարևորեց Հայաստանում ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մարմնի ներդրման տեսլականը: