ՔՀԿ ներկայացուցիչները ոլորտային հարցեր են քննարկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի հետ

Այսօր՝ հուլիսի 16-ին, եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ինկուբատորների մասնակիցները աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի հետ:

«Մեր նախարարությունը պատրաստակամ է յուրաքանչյուր խելամիտ քայլերի և խնդիրների լուծման ուղիներ գտնելու ու աշխատելու»,-նշեց Գաբրիել Ղազարյանը։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում ընտրված են 9 թիրախային ոլորտներ՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ.  հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա։ «Այս ոլորտներում հաղթած ծրագրերից յուրաքանչյուրի համար 25 միլիոն դրամի դրամաշնորհ է տրվել, ծրագրերի ավարտից հետո նախատեսվում է ևս 7,5 միլիոն դրամի հատկացում կոալիցիաներին՝ ավելի հզորանալու և ծրագրերը շարունակելու համար»,-ասաց Մարատ Ատովմյանը։

Նշենք, որ փոխնախարար Գաբրիել Ղազարյանը հետաքրքրվեց թե կազմակերպություններից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալում, նրանք իրենց հերթին ոլորտային հարցեր բարձրացրին, այդ թվում՝  մարզական ֆեդերացիաների և դրանց ֆինանսավորման մասին, տարբեր դրամաշնորհների ու դրանց մասնակցության մասին։

Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: