ՊԵԿ-ը կքննարկի և պաշտոնական լուծումներ կտա ՀԿ-ների օրենսդրության ոլորտի խնդիրներին

Հունիսի 26-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում անցկացվեց հանդիպումքննարկում «Հասարակական կազմակերպությունների արդիական խնդիրների վերհանում և նորարարական առաջարկների ներկայացում» թեմայով:  

«2016-ի դեկտեմբերից «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքն ուժի մեջ է մտել, կարծում ենք, որ դրանում կան բացեր և չկարգավորված հարցեր, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս, օրինակ ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների դեպքում ՀԿ-ները խնդիրներ են ունենում»,- ասաց ծրագրի ՔՀԿԿառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և հավելեց, որ հանդիպման ժամանակ այդ խնդիրները քննարկվելու են արդարադատության նախարարության,  պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) և ՔՀԿ ներկայացուցիչների կողմից:

ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, կարևորելով ՔՀԿ-ների դերը օրենքի գերակայության և հանրային թափանցիկ կառավարման հարցերում, նշեց, որ ՊԵԿ-ում ստեղծել է հատուկ բաժին, որը զբաղվում է ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությանը վերաբերող հարցերով և օրենքի տառին համապատասխան փորձում է աջակցել նրանց իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Միջոցառմանը ծրագրի իրավաբան փորձագետներ Քրիստինե Ղուկասյանը, Տիգրան Դանիելյանը, Նարեկ Ենոքյանը և Մերի Հարությունյանը ներկայացրեցին զեկուցումներ հետևյալ թեմաներով՝

  • ՀԿների կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացում առկա խնդիրները,
  • ՀԿների ֆինանսական կայունության ապահովում. 1 տոկոսի օրենքի ներդրման հնարավորությունը,
  • Հանրային կարևորության հարցերով ՀԿներին դատարան դիմելու իրավասության տրամադրում,
  • Մասնագիտացված ՀԿներին «դատարանի ընկեր» հանդես գալու իրավասության տրամադրում. միջազգային փորձի ներկայացում:  

Մասնակիցներին մտահոգող հարցերից են հանրային միջոցների վերաբերյալ հաշվետվությունների և 5 միլիոն դրամից ավելի շրջանառության դեպքում պարտադիր աուդիտի պահանջը: Սրանք պրակտիկայում խնդրահարույց են, քանի որ դժվար է տարանջատելը, թե որ աշխատանքներն ու ծախսերը հատկապես որ միջոցների շրջանակում են կատարվել, եթե ՀԿ-ն մի քանի աղբյուրներից ֆինանսավորում է ստանում: Միևնույն ժամանակ բավականին ցածր է պարտադիր աուդիտի անցկացման համար սահմանված 5 միլիոն դրամի շեմը. աուդիտը բավականին թանկ է և ոչ բոլոր դրամաշնորհներն են ներառում կամ նպատահարմար գտնում ֆինանսավորում նախատեսել աուդիտի համար:

ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը հայտնեց, որ այս քննարկման արդյունքում գույքագրված խնդիրներն ու առաջարկությունները կքննարկվեն ՊԵԿ-ում և դրանց պաշտոնական լուծումներ ու պատասխաններ կտրվեն:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: