Ֆինանսների նախարարությունը պատրաստակամ է աջակցել «Բյուջե բոլորի համար» ծրագրի իրականացմանը

Այսօր՝ հունիսի 13-ին, Ֆինանսների առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը հանդիպեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին և ծրագրի կողմից հանրային ֆինանսների ոլորտում դրամաշնորհ ստացած «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը փոխնախարարին ներկայացրեց, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվելու է «Բյուջե բոլորի համար» ծրագիրը, որի դեպքում Հայաստանի 3 մարզերի 10 խոշորացված համայքներում կիրականացվի հետևյալը՝

  • Առանցքային խնդիրների շուրջ հանրային քաղաքականությունների ու բյուջեների մոնիթորինգ կիրականացվի,  կներկայացվեն եզրակացություններ ու առաջարկություններ համապատասխան պետական իրավասու մարմիններին, ՏԻՄ-երին:
  • Կապահովվի ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և այլ դերակատաների համար ոլորտային կարողությունների զարգացում՝ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու և շարունակականությունը ապահովվելու համար,
  • Կիրականացվի ծրագրի հիմնախնդրային ոլորտներում  առանցքային խնդիրների վերհանում և դրանց վերաբերյալ ոլորտային հանրային քաղաքականությունների մշակում և բարելավում   “Town Hall” և “Chatham House” ձևաչափով փորձագիտական աշխատաժողովների և համայնքային ժողովների միջոցով,
  • Կմշակվի և կներդրվի ՏՏ փորձարարական հավելված՝ Երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետությունը  համայնքներում գնահատելու համար: 

Փոխնախարար Կարեն Բրուտյանը կարևորեց այս ծրագրի իրականացումը և պատրաստակամություն հայտնեց աջակցել, տրամադրել խորհրդատվական փորձագիտական կարծիքներ: Ծրագրի իրականացման համար պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կլինեն:

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: