ՔՀԿ ինկուբատորները ծանոթացան հանրային քաղաքականությունների մշտադիտարկման ոլորտի հաջողված փորձին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մայիսի 17-ին տեղի ունեցան Երևանի ՔՀԿ ինկուբատորների 3-րդ դասընթացը, որի ժամանակ «Օքսֆամ Հայաստան»-ի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց իրենց հաջողված փորձը  ՔՀԿ-ների հանրային քաղաքականությունների մշտադիտարկման ոլորտում:

Նա պատասխանում էր մասնակիցների այն հարցերին, թե ինչպես գրել մոնիտորինգային ծրագիր, ինչպես կազմել ծրագրի բյուջե, հայթայթել ֆինանսավորում և ինչպես ծրագրի իրականացման ընթացքում և ավարտին գրանցել դրական արդյունքներ:

Մասնակիցներից «Քաղաքացիական նախաձեռնություննեի հարթակ» ՀԿ նախագահ Նելլի Գրիգորյանը մեծապես կարևորեց պրակտիկ գիտելիքների փոխանցումը ինկուբատորների  դասընթացներին. «Փորձի փոխանակման ատրիբուտը կարևոր նշանակություն ունի. երբեմն թվում են թե ներկայացվածը մանրուքներ են, սակայն դրանց մեջ թաքնված լուրջ խնդիրները հենց միայն փորձի փոխանակման ժամանակ են իհայտ գալիս»:

«Մենք սկսնակ կազմակերպություն են և մեզ անհրաժեշտ են նման հանդիպումները: Արդյունավետ են նաև այն առումով, որ  հանդիպում ես այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնց հետ կարող ես  համագործակցության ուղիներ գտնել: Ինկուբատորների այս միտքը լավն է, մեծ հույսեր ունենք, որ արդյունքներ կգրանցենք«,- ասաց Գյումրիում գործող «Կանանց իրավունքների տուն» ՀԿ հիմնադիր Կարինե Դավթյանը:

Նշենք, որ ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունը մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախային 9 ոլորտում նրանց կարողությունները զարգացնելու նպատակով:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: