Տավուշի մարզում գործող ՔՀԿ-ներին ներկայացվեց սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ գործող օրենսդրության դրական և խրթին կողմերը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 16-ին Իջևանում կազմակերպված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ դասընթացին մասնակցեց 7 մարզային քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ։

Սոցիալական ձեռնարակատիրության ոլորտում բավականին փորձ ունեցող «Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անահիտ Ալավերդյանը նշեց, որ հատկապես կարևոր էր հարկային դաշտում կատարված փոփոխությունների մասին տեղեկանալը, ինչն օգնելու է խոչընդոտներից զերծ մնալ․ «Մանրամասն տեղեկացանք, թե հարկման ինչ արտոնություններ  ու խնդրահարույց դրույթներ կան»։

Նա հավելեց նաև, որ այս ծրագրի մասին տեղեկանալուց և դասընթացի երիտասարդ մասնակիցների հետ հանդիպումից հետո գաղափար է ծնվել համատեղ կոալիցիա ստեղծել և ավելի ազդեցիկ գործունեություն սկսել այս ոլորտում։

«Հույսի կամուրջ» ՀԿ մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Մարի Աթաբեկյանն էլ նշեց, որ նոր օրենսդրությունն արդեն իսկ հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին զբաղվել ձեռնարկատիրությամբ․ «Այստեղ տրված ինֆորմացիան օգտակար էր, քանի որ մեր կազմակերպությունը ցանկանում է զբաղվել սոցիալական ձեռնարակատիրությամբ»։

Նշենք, որ դասընթացը վարում էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող և  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագանը։  Դասընթացից հետո նա պատասխանեց ներկաների հարցերին։ Նաև հայտնեց, որ ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ներին տրամադրվում է անվճար փորձագիտական խորհրդատվություն և աջակցություն։

Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: