Ամերիկյան համալսարանում ավարտվեց ՔՀԿ կարողությունների զարգացմանն ուղղված 7-րդ խմբի դասընթացները

Այսօր՝ փետրվարի 2-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում ավարտվեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված կրթական հավաստագրային ծրագրի 7-րդ ՝ վերջին փուլը։ Այս փուլի մասնակիցները 20 են՝ Երևանից և Արմավիրի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Լոռու ու Գեղարքունիքի մարզերից:

Կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Հավաստագրային այս դասընթացին մասնակցել է Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների 108 ներկայացուցիչ: Դասընթացի նպատակը Հայաստանում ՔՀԿ-ների, ՔՀԿ կոալիցաիների կարողությունների կայուն և արդյունավետ  զարգացումն է։

«Հավասարության Ինդեքս» իրավապաշտպան ՀԿ նախագահ Հերմինե Հովհաննիսյանը նշում է, որ դասընթացը հետաքրքիր և արդյունավետ է եղել. «Ծանոթացա շատ լավ մասնագետների հետ, ովքեր իրենց գործում մեծ հաջողությունների են հասել: Կազմակերպութունների ներկայացուցիչները բաց են և մեծ սիրով կոալիցիաներ կստեղծվեն: Ոլորտները տարաբնույթ են, բայց կարելի է մտածել այդ ուղղությամբ, որ կոալիցիա ստեղծվի ու ավելի արդյունավետ աշխատենք»,-ասաց նա:

«Սեմինարի ընթացքում մեծ ինֆորամացիա ստացա, որը կփորձեմ կիրառել կազմակերպության հետ կապված տարբեր խնդիրներ լուծելիս: Շատ նրբություններ իմացա, որպես գիտելիքներ, որը ես կարող եմ պրակտիկ օգտագործել: Կարծում եմ, կկարողանանք կազմել կոալիցիաներ, որովհետև հանդիպումների ընթացքում ծանոթացա նրանց հետաքրքրող ոլորտների հետ: Ոլորտային նմանությունները կան ու կարող ենք համատեղել մեր կարծիքները, գաղափարները, և ստեղծել կոալիցիա»,-մեզ հետ զրույցում նշեց «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Մուրադխանյանը:

Հավելենք, որ ծրագրի ավարտից հետո դասընթացի մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցելու դրամաշնորհային մրցույթներին:

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: