Կոալիցիայի ձևավորման հետ կապված քննարկումներ, որոշակի գաղափարներ կան. ՔՀԿ դասընթացի մասնակից

Երևանից և 6 մարզից քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 20 ներկայացուցիչ մասնակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանի կրթական նոր հավաստագրային ծրագրի դասընթացին։  Ներկայումս շարունակվում է դասընթացի 7-րդ փուլը։

Ծրագրի մասնակից, «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» ներկայացուցիչ Լիլիթ Չիչոյանը նշում է, որ դասընթացները հետաքրքիր են անցնում, մասանգետները բանիմաց են, լավատեղյակ ոլորտին ու դրանում առկա խնդիրներին: Նրա խոսքով, դասընթացավարները տալիս են աղբյուրները, մեթոդները, այն գործիքակազմը, որով հետագայում իրենց հետաքրքրող ոլորտների հետ կապված կկարողանան ավելի գրագետ գործունեություն ծավալել: «Այն, ինչ նպատակ ունի այս դասընթացը՝ վերջում կոալիցիաներ ձևավորել և ինչ-որ հարցեր բարձրացնել՝ կոալիցիաների միջոցով, ապա կտա իր դրական արդյունքները, որովհետև արդեն զգացվում է, որ դրա հնարավորությունը կա: Կան համընկնող շահեր, դրանք կարելի է համակարգել ու համախմբված, հզոր ուժ դարձնել: Կոալիցիաների դեպքում մեր հնարավորությունները ավելի հզոր են, քան առանձին ՀԿ-ները,  ու դա հանրային քաղաքականության մեջ արդյունքի հասնելու ճանապարհն է»,-նշեց Լիլիթ Չիթչյանը:

Նա ընդգծեց նաև այն փաստը, որ դասընթացները շատ պրակտիկ են ու շեշտադրում դրված չէ տեսական գիտելիքների վրա և ամեն ինչ ներկայացվում է օրինակների վրա:

«Կոալիցիայի ձևավորման հետ կապված քննարկումներ են գնում, կան խմբեր, որ արդեն իրար հասկանում են, որոշակի գաղափարներ ունեն, որ հետագայում կշարունակեն իրենց գործունեությունը: Ես էլ մեր կազմակերպության ղեկավարության հետ կքննարկեմ, ու, կարծում եմ, կոալիցիա կկազմենք»,-մեզ հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Նատալի Սինորյանը:

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: