Ամերիկյան համալսարանում մեկնարկել է ՔՀԿ-ների զարգացմանն ուղղված 7-րդ խմբի դասընթացները

Այսօր՝ հունվարի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ուղղված կրթական հավաստագրային ծրագրի 7-րդ փուլը։ Այս փուլիի մասնակիցները 20 են՝ Երևանից և Արմավիրի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Լոռու ու Գեղարքունիքի մարզերից:

Կրթական ծրագիրն իրականցվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը Հայաստանում քաղհասարակության շրջանում կայուն և արդյունավետ հմտությունների զարգացումն է՝ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

«Այս դասընթացը յուրահատուկ է: Շատ կարևոր է հանրային քաղաքականությունների մասին պակերացում կազմելը: Չորս թիրախային թեմաներով կանցնեք ուսուցում՝ հանրային քաղաքականությունների մշակում և իրականացում, հանրային բյուջեների և քաղաքականությունների նկատմամբ վերահսկողություն, կառուցողական և կայուն երկխոսություն կառավարության և տեղական ինքնակառավարման մարմիների հետ և կոալիցիաների կառուցում ու զարգացում»,- կրթական ծրագրի 7-րդ փուլի բացմանն իր ողջույնի խոսքում ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ  Կարեն Զադոյանը:

Հավելենք, որ ծրագրի ավարտից հետո դասընթացի մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցելու դրամաշնորհային մրցույթներին։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: