Դասընթաց ՔՀԿ-ների համար՝ սոցիալական ձեռնարկատիրության օրենսդրական խնդիրների վերաբերյալ

Շուրջ մեկ տարի է՝ հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ստացել զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։ Սակայն օրենսդրական թերի կարգավորումների և խրթին դրույթների հետևանքով մի շարք ՀԿ-ներ խուսափում են օգտվել այս հնարավորությունից։

Օրենսդրական նոր պահանջների և ձեռարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերի վերաբերյալ հունվարի 16-ին ՀԿ ներկայացուցիչների համար դասընթաց անցկացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Դասընթացին մասնակցում էր շուրջ 20 ՀԿ ներկայացուցիչ, որոնց հիմնական մասը կանայք էին և երիտասարդ ակտիվիստներ։

Դասընթացավար, ծրագրի գործընկեր ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, հարկման ինչ ռեժիմ է գործում, ինչ խնդիրներ կարող են առաջանալ պրակտիկայում՝ կապված թե օրենսդրության, և թե այլ հարցերի հետ։

Նա ներկայացրեց, թե ինչ աղբյուրներից են ՀԿ-ները եկամուտներ ստանում և ինչպես է ներկայացվում դրանց վերաբերյալ հաշվետվությունները։ Նրա խոսքով, «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունումից հետո բավականին խրթին է դարձել տարանջատելը, թե որ եկամուտներն են հարկվող և որոնք չհարկվող, եթե ՀԿ-ն սկսում է ձեռնարկատաիրությամբ զբաղվել։  Խնդրին նախնական լուծում է տրվել այսպես․ ֆինանսների նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որին կարելի է դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և ստանալ խորհրդատվություն այն մասին, թե կոնկրետ եկամուտների դեպքում հարկում կլինի, թե՝ ոչ։

Հակոբ Ավագյանը ներկայացրեց նաև, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Ներկայումս ծրագրի շրջանակում տրամադրվում է իրավաբանական օգնություն այն ՔՀԿ-ներին, որոնք պետք է մինչև փետրվարի 4-ը կառույցի կանոնադրությունը համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքին։ Այժմ սկսվում է նաև ծրագրի շրջանակում դրամաշնորհների տրամադրման գործընթացը ՔՀԿ-ներին և ՔՀԿ կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Դասընթացի ավարտից հետո Հակոբ Ավագյանը  առանձին խորհրդատավություն տրամադրեց մասնակիցներին։

Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: