ՔՀԿ ներկայացուցիչների երրորդ խումբը սկսեց կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանն ու ուժեղացմանն ուղղված հավաստագրային դասընթացի 3-րդ փուլը մեկնարկեց այսօր՝ դեկտեմբերի 18-ին։ Դասընթացները կազմակերպվում են Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։

Այս դասընթացին մասնակցում են 14 ՔՀԿ-ի ներկայացուցիչ` Երևանից և Հայաստանի 5 մարզiց։

Ծրագիրը նպատակաուղղված է նորարական դասընթացների միջոցով մասնակիցներին փոխանցել հմտություններ՝ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ երկխոսություններ ծավալելու համար։

Առաջիկա 5-օրյա դասընթացը մասնակիցների համար ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։ Նա նշեց, որ դասընթացը կօգնի ոչ միայն կարողություններ ձեռք բերել կառավարության և ՏԻՄ հետ շահավետ փոխգործակցության համար, այլ նաև տարբեր ծրագրերի միասնական իրականացման համար․ «Մենք նախորդ երկու խմբերում արդեն ունենք մասնակիցներ, ովքեր դասընթացների ընթացքում ծրագիր են պատրաստվում մշակել ու դիմել տարածքային ինքնակառավարման մարմիններին»,- նշեց նա։

Հավելենք նաև, որ դասընթացի ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր:

Նշենք, որ դասընթացի կազմակերպումն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: