Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը առաջարկներ է ներկայացրել 4 ոլորտներում

Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է Կառավարման խորհրդի նախագահ Թեւան Պողոսյանը:

Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նապագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց Հայաստանի 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ հաստատված 4 թիրախային ոլորտում (կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն) հակակոռուպցիոն Միջոցառումների ծրագրում Կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկությունները, որոնց հիմնական մասն ընդունվել են։

Այսպես, ներկայացված 40 առաջարկության վերաբերյալ ընդհանուր պատկերն այսպիսին է.

Առողջապահության ոլորտում ներկայացվել է 23 առաջարկություն, որից ընդունվել է 14 առաջարկություն եւ մասամբ ընդունվել է՝ 5-ը, եւ դրանք ներառված են Միջոցառումների ծրագրում:

Դրանց թվին են պատկանում՝

  • Բուժօգնության արդյունքների գնահատման չափորոշիչների մշակումը,
  • Կառավարության թիվ 1717-Ն որոշմամբ սահմանված անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց ցանկի եւ դեղերի տրամադրման մեխանիզմների հստակեցումը,
  • Վերահսկողության մակարդակի բարձրացման նպատակով հիվանդների բողոքների, բուժման բարդությունների, նույն հիվանդության կապակցությամբ նույն տարում կրկնակի հոսպիտալացումների, մահվան բոլոր դեպքերի քննարկման համար մշտական մասնագիտական հանձնաժողովի ստեղծումը, որին կանդամակցեն մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։ Այս մարմնի եզրակացությամբ կորոշվի բուժման արդյունավետությունը, կգնահատվի բուժօգնության որակը եւ բուժհիմնարկի պատասխանատվության չափը,

Այս, ինչպեսեւ մի շարք այլ առաջարկությունների նպատակը կոռուպցիոն ռիսկերի զսպումն է  առողջապահական ոլորտում։

Պետական եկամուտների հավաքագրման ոլորտում ներկայացվել է 8 առաջարկություն, որից 2-ն ընդունվել են, որոնց արդյունքում Միջոցառումների ծրագրում կատարվել է փոփոխություն եւ ներառվել է 4 միջոցառում։ Մեկ առաջարկությունն ընդունվել է եւ դրա վերաբերյալ տրվել է համապատասխան հանձնարարական ՊԵԿ-ին,  մեկի վերաբերյալ  ֆինանսների նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում, իսկ 2 առաջարկություն նախնական փուլում ընդունվել է, այնուհետեւ` հանվել գերատեսչական քննարկումների արդյունքում:

Մասնավորապես,

  • Տրանսպորտային միջոցների մաքսային վճարների առցանց հաշվիչի ներդրում, հետբացթողումային հսկողությունը բարելավելու նպատակով մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրումն արդեն իսկ ներառված են Միջոցառումների ծրագրում,
  • Համապատասխան հանձնարարական է տրվել ՊԵԿ-ին՝ բիզնեսում կոռուպցիան հաղթահարելու նպատակով  մասնավոր դետեկտիվների ինստիտուտի ներդրման նպատակահարմարության ուսումնասիրության իրականացման վերաբերյալ,
  • Ֆինանսների նախարարությունը մշակում է նախագիծ, որով արտաբյուջետային հաշիվները կազմելիս կսահմանվեն թափանցիկության այնպիսի պահանջներ, ինչպիսիք գործում են բյուջետային հաշիվների կազմելու համար:

Ոստիկանության ոլորտում ներկայացվել է 7 առաջարկություն, որից մեկի վերաբերյալ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում, մեկն ընդունվել է մասնակի, որն արտացոլված է Միջոցառումների ծրագրում, եւ մեկն ընդունելի է, որն արտահայտվելու է մեկ այլ` տվյալ ոլորտի ենթաոլորտների ծրագրում:

Մասնավորապես,

  • Միջոցառումների ծրագրում արդեն իսկ ներառվել է ոստիկանության աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման պահանջ,
  • Արտաբյուջետային հաշիվներին ներկայացվող պահանջների վերաբերյալ փաստաթուղթ է մշակվում ֆինանսների նախարարության կողմից,
  •  ՃՈ արտադատական բողոքարկման համակարգի բարելավումն արտահայտված է Ոստիկանության ենթաոլորտային միջոցառումների ծրագրում:

Կրթության ոլորտում ներկայացվել է 2 առաջարկություն, որոնք չեն ընդունվել, սակայն դա հիմնավորվել է այն բանով, որ այդ առաջարկությունները նախատեսում են կրթական համակարգը բարելավող կարգավորումներ, որոնց իրականացումը մինչեւ 2018 թվականի ավարտն անիրատեսական է:

Սակայն, հարկ է նշել, որ կրթության ոլորտի միջոցառումների ծրագրի կազմելու գործընթացում Հակակոռուպցիոն խորհրդի փորձագետը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում նախագծում են ներառվել մի շարք առաջարկություններ, ինչպիսիք են՝  հակակոռուպցիոն կրթությունը, վարչական կոռուպցիայի դեմ պայքարը նախադպրոցական եւ դպրոցական ուսումնական հաստատություններում (դրամահավաքություն, կրկնուսուցում եւ այլն) եւ  բուհերի գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովումը:

Կարեն Զադոյանը նաեւ ներկայացրեց կառավարության 2017-2022թթ. ծրագրով նախատեսված՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող նախաքննական մարմինները մեկ մարմնի միավորելու հնարավորության հարցը։ Որոշվեց այս հարցն ուսումնասիրելու ուղղությամբ առաջարկել Կառավարությանը՝ ստեղծել աշխատանքային խումբ՝  Կոալիցիայի մասնակցությամբ:

Օրակարգային հարցերից էր ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի ՔՀԿ-ների կոալիցիայի կողմից իրականացվող «Թափանցիկության խոստում» նախաձեռնությանը միանալու հարցը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանըներկայացրեց, որ «Թափանցիկության խոստումը» ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից մշակված մեխանիզմ է, որը նպատակ ունի նպաստել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի վերանայման գործընթացի թափանցիկության եւ քաղաքացիական հասարակության մասնակցության մակարդակի բարձրացմանը։ Քանի որ այս նախաձեռնությանը միանալու առաջարկը արդարադատության նախարարությունը համարել է ոչ նպատակահարմար, խորհուրդը որոշվեց  գրավոր դիմել ՀՀ վարչապետ, ՀՀ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ղեկավար Կարեն Կարապետյանին եւ առաջարկել Խորհրդի նիստում քննարկել այս հարցը։

Մարիամ Զադոյանը ներկայացրեց նաեւ Կոալիցիայի կողմից ներկայացված «Բիզնես ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» ոլորտային եւ համակարգային առաջարկությունների ընթացքը:   Նա հայտնեց, որ դեռեւս նախորդ տարի այս ոլորտի վերաբերյալ 117 առաջարկ է ներկայացվել կառավարությանը, որոնց հիմնական մասն արդեն իսկ իրականացվել է, մի մասը կատարման փուլում է, որոշ առարկություններ առաջարկությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։ Որոշվեց դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր դիմել ՀՀ վարչապետին եւ ոլորտի իրավասու մարմիններին։

Նիստին Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց Հայաստանում ընդունվող իրավական ակտերի հակակոռուպցիոն ազդեցության գնահատման/փորձաքննության գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ հարցը եւ դրանից բխող բացասական հետեւանքները: Խորհուրդը որոշեց այս հարցի վերաբերյալ գրավոր դիմել արդարադատության նախարարությանը:

«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքի որոշ կարգավորումներ, որոնք կարող են բացասաբար ազդել բիզնես միջավայրի զարգացման վրա: Որոշվեց կատարել իրավական վերլուծություն այդ դրույթների վերաբերյալ, եւ դրանք քննարկել ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպություններիհակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 95 ՔՀԿ-ներ` Երեւանից եւ ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: