Դասընթաց՝ ՀԿ նոր օրենսդրության վերաբերյալ

Հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրությամբ, սակայն թե ինչ ռեժիմով կհարկվեն և թե որ տիպի եկամուտները կհարկվեն, դեռևս անորոշ է․ այս մասին այսօր  երևանյան ՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված դասընթացին նշեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

Նա նշեց, որ ՊԵԿ-ին առաջարկություն է արվել աշխատանքային խումբ ստեղծելու և քննարկելու այս հարցերը՝ հետագայում հարկային մարմինների հետ խնդիրներ չունենալու:

Մինչև մյուս տարվա փետրվարի 4-ը հասարակական կազմակերպությունները (ՀԿ) կարող են իրենց կանոնադրությունները վերանայել, համապատասխանեցնել նոր օրենքին և անվճար գրանցել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

Ս. Սողոմոնյանը նշեց, որ այս ծրագրի շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն և օգնություն է տրամադրվում ՀԿ-ներին իրենց կանոնադրությունները օրենքին համապատասխանեցնելու և պետռեգիստրում գրանցելու հարցում: Արդեն իսկ շուրջ 300 ՀԿ-ի խորհրդատվություն է տրվել և ավելի քան 50 ՀԿ կանոնադրություն գրանցվել է:

Այսօր ավելի քան 10 ՀԿ ներկայացուցիչների ներկայացվեցին նոր օրենքով սահմանված խաղի կանոնները, պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու դրանցից խուսափելու միջոցները։

Դասընթացի մասնակիցները մեծապես կարևորեցին նման դասընթացների անցկացումը, նշելով, որ այն արդյունավետ է հետագա գործունեությունը օրինական դաշտում և առանց խոչընդոտների շարունակելու համար։ Դասընթացի ավարտին մի շարք ՀԿ ներկայացուցիչներ գրանցվեցին՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։

Նշենք, որ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ՀԿ ներկայացուցիչների համար դասընթացներն ու անվճար իրավաբանական խորհրդատվությունները իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: