Գավառում գործող 2 ՀԿ ստացել է պետռեգիստրում կանոնադրությունը գրանցելու վերաբերյալ վկայական

Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունները նույնպես ակտիվորեն սկսել են աշխատանքներ տանել իրենց կանոնադրությունները օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու գործընթացը։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի  իրավաբան Լիանա Մակվեցյանը անվճար իրավաբանական խորհրդատվություն և օգնություն է մատուցում բոլոր ՀԿ ներկայացուցիչներին՝ կանոնադրությունը վերանայելու և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցելու հարցում։

Անվճար իրավաբանական խորհրդատվության և օգնության համար դիմում են Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում և հարակից համայնքներում գործող հասարակական կազմակերպությունները:

Նախորդ շաբաթ պետական ռեգիստրից իրենց կանոնադրությունների գրանցման վերաբերյալ վկայականներ են ստացել Գավառում գործող «Արժանապատիվ սերունդ» և «Տարածքային բիզնես կենտրոն» ՀԿ-ները:

 Օրեր առաջ  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գավառի գրասենյակում  Լիանա Մակվեցյանը հանդիպում է ունեցել «Գեղամա» փրկարար ջոկատ» ՀԿ-ի նախագահ Հայկ Աբրահամյանի և «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանի հետ, ովքեր դիմել են կանոնադրության դրույթները «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխանեցնելու համար:

Այս կազմակերպությունները ավելի վաղ մասնակցել են  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացներին:

Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: