ՀԿ-ների համար նախատեսված դասընթացները մեկնարկեցին. Կարեն Զադոյանը ներկայացրեց օրենսդրական նոր փոփոխությունները

Այսուհետ հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան ծանոթանալ ՀԿ-ների մասին նոր օրենքի փոփոխություններին և իրենց գործունեությունը համապատասխանեցնել այդ իրավական ակտի պահանջներին։

Այսօրվանից՝ մայիսի 10-ից մեկնարկում են հասարակական կազմակերպությունների համար նախատեսված դասընթացները, որոնք իրականացվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Դասընթացները վարում է ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

Հիշեցնենք՝ 2016թ․ դեկտմբերի 16-ին Ազգային ժողովն ընդունեց Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքը, այն ուժի մեջ մտավ 2017թ․ փետրվարի 4-ին։ Օրենքը մի շարք նորամուծություններ և խնդրահարույց նորմեր է պարունակում։

Նոր օրենքի վերաբերյալ առաջին դասընթացը տեղի ունեցավ Գյումրիում՝ Շիրակի մարզի ՀԿ-ների համար:

«Նոր օրենքը դրույթ ունի, որտեղ ասվում է՝ եթե ՀԿ-ների կանոնադրությունը հակասում է օրենքին, ապա մեկ տարվա ընթացքում պետք է այն համապատասխանեցնել, այսինքն, փաստացի բոլոր կազմակերպությունները պետք է գնան վերագրանցման՝ մինչև 2018թ․փետրվարի 4-ը, սա ամենակարևոր հանգամանքն է, որը պետք է հիշել, որովհետև այսպես թե այնպես բոլոր ՀԿ-ների կանոնադրությունը չեն համապատասխանելու բազմաթիվ փոփոխություններ պարունակող օրենքին»,- դասընթացի ժամանակ ասաց Կարեն Զադոյանը։

Նա մանրամասնեց, որ օրենքում ներդրվել են մի շարք կարևոր սկզբունքներ․ «Առաջնայինը բարեխղճությունն է։ Չնայած, օրենքը գրելիս, նրանք լավ չեն պատկերացրել, թե ինչ է իրենից ներկայացնում բարեխղճություն, որովհետև այն նախատեսել են՝ որպես սկզբունք, այնուհետև նշել հաշվետվողականության մասին, այնինչ բարեխղճությունն իր մեջ ներառում է նաև հաշվետվողականությունը»,- շեշտեց ԻՀԱ ղեկավարը։

Օրենքում ամրագրվել է նաև խտրականության բացառման մասին դրույթ․ «Մենք պետք է շատ զգոն լինենք։ Եվրոպական միության պահանջով ներկայումս խտրականության բացառման վերաբերյալ Հայաստանը պարտականություն է ստանձնել և օրենսդրություն է ընդունում, այդ թվում՝ կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ, ուստի խտրականությունը շատ կարևոր սկզբունք է ու որևէ խտրականություն չպետք է լինի ՀԿ-ներում»։

Որպես սկզբունք է ամրագրվել նաև կամավորությունը, պարոն Զադոյանը հիշեցրեց, որ նախկինում նույնպես այն կիրառվել է, սակայն ներկայումս ամբողջացվել և հստակեցվել է օրենսդրական դաշտը։

Նոր փոփոխությունների կարևոր դրույթներից մեկը՝ ինքնաֆինանսավորման հնարավորությունների ամրագրումն է, այլ կերպ ասած՝ ձեռնարկատիրության զբաղվելու մասին կարգավորումը․ «Այստեղ կան շատ ռիսկեր։ Ես անձամբ շուրջ երեք ամիս տարբեր քննարկումներ եմ ունեցել և՛ պետական սեկտորի, և՛ ոլորտում մասնագիտացած իրավաբանների հետ։ Մենք հասկացել ենք, որ այդ դաշտը ամբողջությամբ անմշակ է, այսինքն՝ այն փոփոխությունները, որոնք սպասում էին հատկապես մեծ ՀԿ-ները, ռիսկեր են պարունակում»,- շեշտեց պարոն Զադոյանը, իսկ ռիսկերը պայմանավորված են հարկային դաշտով․ «Օրենքը պարտադրում է, որ հասարակական կազմակերպությունն առանձին հաշվառում վարի, որպեսզի հետագայում այն արտացոլի հարկային մարմնին ներկայացվող հաշվետվությունների մեջ»,- ասաց Կարեն Զադոյանը։

Բացի դասընթացից, ԻՀԱ ղեկավարը անհատական խորհրդատվություն տվեց հասարակական կազմակերպությունների այն ներկայացուցիչներին, որոնք ցանկանում էին լիարժեք տիրապետել նոր փոփոխություններին և ունեին մասնավոր հարցեր։

Նշենք նաև, որ դասընթացներն տեղի են ունենում Եվրոպայի օրերի շրջանակներում։

Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան