«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում եզակի քայլ է իրականացվել․ Կարեն Զադոյան

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ամենացավոտ և խոցելի կողմը հենց փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակումն է։ Այսօր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած ֆոկուս խմբի ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ծրագրի համակարգող Կարեն Զադոյանը։

Նա մանրամասնեց․ «Պարզ ասած՝ խոսքը գնում է փորձագիտական այն աշխատանքի մասին է, որը նվազագույնս հավասար կլինի պետական մարմիններում կատարված փորձագիտական աշխատանքին, եթե մենք ուզում ենք, որ մեզ հետ հաշվի նստեն, մենք պետք է այդ որակյալ փորձագիտական աշխատանքն ունենանք»։

Պարոն Զադոյանի խոսքերով՝ ծրագիրը միտված է լինելու մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում՝ վերոնշյալ բացի լրացմանը․ «Ծրագիրն ունի ընդհանուր և առանձնահատուկ նպատակներ։ Ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել ՔՀԿ-ների և դրանց կոալիցիաների ցանցերի կարողությունները, ազդեցությունն ընդհանրապես ծրագրի թիրախային ոլորտներում, հանրային քաղաքականության մշակման գործընթացքում։ Բացի այդ, առանձնահատուկ չորս նպատակներ ունենք՝ ՔՀԿ-ների և կոալիցիաների ցանցերի կարողությունների ուժեղացումն ու զարգացումը, երկրորդը՝ նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման և իրականացման գործընթացներին, երրորդ՝ մասնակցությունը հանրային վերահսկողությանը։ Կարևոր նպատակ է հանդիսանում մեզ համար հենց ոլորտային խնդիրների հատկորոշումը, ինչպես նաև առանձքային է պետական մարմինների հետ կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը։ Մենք օգնելու ենք կոալիցիաներին, որոնք կան ու կցանկանան համագործակցեն ծրագրի հետ, որ նրանց ուժեղացնենք»,- նշեց ծրագրի ղեկավարը։

Կարեն Զադոյանի խոսքերով՝ ծրագրի շրջանակներում փորձ է արվում պարզել պետական մարմինների կողմից ՔՀԿ-ների և դաշինքների համագործակցության ներկա վիճակն, ինչպես նաև հստակեցնել, թե կազմակերպություններն ինչ ազդեցություն ունեն հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում․ «Սա եզակի քայլ է, առ այսօր նման բան չի արվել, մենք 14 նախարարություններից և կառավարությանն առընթեր 3 մարմիններից արդեն ստացել ենք տեղեկատվությունը, մենք նույն ինֆորմացիան փորձել ենք պարզել ՏԻՄ-երից, ստացել ենք մոտ 100 համայնքներից պատասխաններ, երրորդ հարցաթերթիկը ուղղված է եղել անկախ փորձագետներին և փորձել ենք նրանցից ստանալ ինֆորմացիա»,- նշեց Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ սա դեռ ամենը չէ։ Ծրագրի շրջանակներում հարցաթերթիկներ են ուղարկվել շուրջ 1000 ՔՀԿ-ների, 200 կազմակերպություններ պատասխաններ են տվել, հարցաթերթիկները ուղարկվել են նաև հասարակական կազմակերպությունների կոալիցիաներին և ցանցերին։

Մյուս մեթոդը հենց ֆոկուս խմբերի քննարկումներն են, որոնց շրջանակներում ոլորտային ՔՀԿ-ների հետ են հանդիպումներ տեղի ունենում, ինչպես նաև աշխատանքներ են տարվում կոալիցիաների և դաշինքների հետ, հանդիպումները եղել են նաև մարզերում։

Հերթական ֆոկուս խումբը երեք ուղղություններով ընթացավ, քննարկվում էին երեք ոլորտներում առկա խնդիրներն, այդ ոլորտներն են՝ արդարադատություն, իրավապահ համակարգ և հակակոռուպցիոն ոլորտ։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները այսօր մի շարք խնդիրներ առանձնացրին։

Քննարկելով ՀԿ-ների կարողությունների հարցը, նրանք առանձնացրին ֆինանսական կայունության բացակայությունը, ինչպես նաև շեշտեցին, որ պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության համար անհրաժեշտ է, որ ՔՀԿ-ները լինեն պահանջատեր, իսկ կառավարությունը պատրաստ լինի գնալ համագործակցության։

Ինչ վերաբերում է ոլորտային խնդիրներին, ապա հակակոռուպցիոն ոլորտում առանձնացվեցին հետևյալ խնդիրները՝ ուսումնական հաստատությունների ընդունելության համակարգը, բուհերի քաղաքականացվածությունը, պետպատվերի դաշտը, շեշտվեց վարչական կոռուպցիայի մասին, որն ռիսկային է կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում, կոռուպցիայի տեսանկյունից ռիսկային է նաև գնումների ոլորտը։

Իրավապահ համակարգի խնդիրները զանազան էին, ՀԿ ներկայացուցիչներն կարևոր համարեցին թրաֆիքինգի զոհերի պաշտպանության հարցը, խոսվեց ճանապարհային ոստիկանության համակարգից և վարորդների իրավունքներից, իսկ խնդիրները, ըստ ՀԿ ներկայացուցիչների, բխում են նաև քաղաքացիների իրազեկվածության պակասից։

Արդարադատության ոլորտում դատապարտյալների իրավունքների պաշտպանությունն է ցածր մակարդակում, ինչպես նաև ռիսկեր կան հանրային սպասարկման համակարգում։

Հիշեցնենք, որ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների  «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան