Հայտնի են Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի միջազգային մրցափուլի արդյունքները

2016 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում անցկացվեց Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի միջազգային փուլը: Մրցույթին Հայաստանը ներկայացնում էր հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացնող թիմը:

Այս տարի մրցույթի միջազգային մրցափուլին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 116 թիմեր:

Մրցույթի կազմակերպման հայաստանյան 16 տարիների ընթացքում այս տարի Հայաստանը առաջին անգամ նվաճել է լավագույն հորիզոնականը՝ զբաղեցնելով 37-րդ տեղը՝ 116 երկրների շարքում: Մինչ այս, լավագույն արդյունքը ցույց է տվել Երևանի պետական համալսարանի թիմը 2009 թվականին՝  գրավելով 49-րդ տեղը` չորս խաղից երկուսը հաղթելով, երկուսը` պարտվելով:

Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացնող թիմը միջազգային մրցափուլում մրցել է Կոստա Ռիկան, Կիպրոսը, Ավստրալիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմերի հետ, և ունեցել է 3 հաղթանակ, 1 պարտություն:

Բացի այդ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի թիմի անդամ Մարգարիտա Թովմասյանը ճանաչվել է մրցույթի լավագույն 50 բանախոսներից մեկը՝ ավելի քան 400 բանախոսների շարքում:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի թիմի մարզիչներն են Արա Խզմալյանն ու Եղիշե Կիրակոսյանը, իսկ իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավարը` Ադելաիդա Բաղդասարյանը:

Նշենք նաև, որ հայաստանյան մրցափուլի եզրափակիչ փուլում պարտված Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ներկայացնող թիմը, համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Նորա Սարգսյանի խնդրանքով միջազգային մրցույթի կազմակերպիչ` Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրենի հատուկ թույլտվությամբ նույնպես մասնակցեց միջազգային փուլին՝  ցավոք, կրելով 4 պարտություն, զբաղեցրել է 106-րդ տեղը:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմը մրջազգային մրցափուլում մրցել է Դոմինիկյան Հանրապետությունը, Ավստրալիան, Չինաստանը և Ֆինլանդիան ներկայացնող թիմերի հետ:

Ֆրանսիական համալսարանի թիմի մարզիչը Արամ Օրբելյանն է:

Նշենք նաև, որ մեր հարևան Վրաստանը ներկայացնող թիմը 38-րդն է, Թուրքիան ներկայացնող թիմը` 63-րդը, Ադրբեջանի թիմը 113-րդը: Բոլոր թիմերի արդյունքներն այստեղ:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթը կազմակերպում է 2000 թվականից՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) կողմից: Մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչն է Սյուզաննա Սողոմոնյանը:

Մրցույթի կազմակերպիչները իրենց խորին շնորհակալությունն են հաղթում Մրցույթի աջակիցներին, որոնց շարքում են «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ դատական դեպարտամենտը, ՀՀ արդարադատության ակադեմիան, Հայաստանի Ջեսափի ակումբի պատվավոր անդամ և բարեկամ պարոն Ռոբերտ Ռումյանը: