Նոր ծրագիր, որը կզարգացնի բիզնես ոլորտի ազդարարների ինստիտուտը

Այսօր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի (Կոնսորցիումի ղեկավարումը իրականացնող գործընկեր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հետ կնքեց «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը:

Ծրագրի գաղափարն առաջարկել է Իրավաբանների հայկական ասոցիացիան, գործընկեր կազմակերպությունները կազմել են կոնսորցիում և ներկայացրել այն, ինչը և արժանացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հավանությանը:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:

Բացի այդ, նախատեսվում է ծրագրով ուժեղացնել կառավարություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների (whistleblowers) կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը, ինչպես նաև հատկորոշել բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ իրավիճակը գնահատելու և համապատասխան բարեփոխումների առաջարկներ մշակելու համար:

Ծրագրի իրականացման համար Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը տրամադրելու է մոտ 100 հազար եվրո: