Կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքի հասնելու համար հարկավոր է զրոյից ստեղծել անկախ մարմին. Կարեն Զադոյան

Ինչպես ապօրինի հարստացման քրեականացումն է Հայաստանում զրոյից ներդրվում, այդպես էլ պետք է վարվել հակակոռուպցիոն մարմնի դեպքում: Այսօր հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը` «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպման ժամանակ:

Նա շեշտեց. «Մենք պետք է եռաչափ մոտեցում ձևավորենք: Մենք զրոյից պետք է ստեղծենք մարմին այն չափանիշների հիման վրա, որով համաշխարհային հանրությանը հաջողության է հայտնվել»:

Որպես իր ասածն փաստող օրինակ Կարեն Զադոյանը բերեց Հոնկոնգի նախադեպը: Նրա խոսքերով` այս երկրում կոռուպցիա էականորեն նվազել է հենց հակակոռուպցիոն անկախ մարմնի շնորհիվ, մինչդեռ Չինաստանի մյուս շրջաններում կոռուպցիայի մակարդակը չի իջնում` անկախ նրանից, որ իրականացվում են տարբեր միջոցառումներ, ընդհուպ հարցը հասնում է կոռուպցիոն գործերում ներգրավված անձանց մահապատժի ենթարկելուն, չինովնիկները այցելություններ են կատարում բանտեր ու տեսնում, թե ինչ ճակատագրի են արժանանում այդ անձիք:

«Մենք պետք է կարողանանք փոխել մեր բնակչության գիտակցությունը, հասարակությանը դաշնակից դարձնենք իշխանություններին, որպեսզի կարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ: Մենք պետք է զրոյից այս ամենը ստեղծենք»,- կարծում է ԻՀԱ նախագահը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով համակարգերին, նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ գերատեսչությունը մշակում է համապատասխան իրավական ակտերը: Նրա խոսքերով՝ առաջնորդվում են մեկ մոտեցմամբ՝ նպաստել կոռուպցիայի նվազեցմանը:

Սուրեն Քրմոյանի խոսքերով՝ փորձելու են հնարավոր քայլերը ձեռնարկել, որ հակակոռուպցիոն մարմինն օժտված լինի անկախությամբ. «Այն լինելու է անկախ, ֆինանսապես կայուն մարմին, իրականացնելու է տարբեր գործառույթներ, այդ թվում՝ կանխարգելիչ և կրթական, բացառությամբ իրավապահ գործառույթների և քաղաքական որոշումների կայացմանը»,- նշեց նախարարի տեղակալը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, աշխատանքային խմբի անդամ Քարլ Ուլբրիխտը անդրադարձավ միջազգային փորձին. «Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է, որ ոչ միայն անկախ լինի հակակոռուպցիոն մարմինը, այլ ունենա ուժեղ տնօրեն, ով կցանկանա պայքարել ու արդյունքներ ցույց տա: Վրաստանում վտանգ կա, որ ձեռքբերումները կարող է կորցնեն, քանի որ բնակչության հետ չի իրականացվել պետական համագործակցություն: Ուսումնասիրելով փորձը, համոզվել ենք, որ առաջնային է ինչպես ուժեղ տնօրենի առկայությունը, այնպես էլ մարմնի լիազորությունները: Բազմաթիվ դեպքեր կան, որտեղ մարմինը ստեղծվել է, սակայն շատ քիչ աշխատողներ ունի, չի հասցնում ուսումնասիրել խնդիրները, անընդհատ պայքարում է բյուջեի համար»,- ընդգծեց պարոն Ուլբրիխտը:

Այս ներկայացումից հետո «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, աշխատանքային խմբի անդամ Մարիամ Զադոյանը ներկայացրեց հակակոռուպցիոն մարմնի համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Նա նույնպես շեշտեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված մարմինը պետք է լինի անկախ. «Բոլոր հակակոռուպցիոն մարմիններին բնութագրող հիմնական գործառույթը անկախությունն է»,- շեշտեց փորձագետը: Բանախոսը կարևորեց նաև Ջակարտայի սկզբունքների ամրագրումը այս մարմնում, այդ սկզբունքներն են` մանդատ, համագործակցություն, կայունություն, շարունակականություն, անձեռնմխելիություն, ֆինանսական անկախություն, հանրային մասնակցություն և այլն: Մարիամ Զադոյանը նաև խոսեց մեր իրականությունից՝ անդրադառնալով իրավական ակտերին:

ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի փորձագետ Տաթև Սարուխանյանը հանդիպման մասնակիցներին հայտնեց, որ ներկայումս նախարարությունը մշակում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նախագիծ, որը բավականին նախնական տարբերակով ներկայացրեց մասնագետներին: Ըստ բանախոսի՝ այս մարմինը նախատեսվում է ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մոդելի հիման վրա. «Էթիկայի հանձնաժողովի բոլոր լիազորությունները պահպանված են, դրանք ընդլայնվում են՝ կապված կոռուպցիայի պայքարի ոլորտում կրթական և կանխարգելիչ հանգամանքների հետ: Ամենից առաջ նախագծում փորձ է արվում ստեղծել գործուն երաշխիքներ անկախությունն ապահովելու համար, հանձնաժողովի սկզբունքներից կարևորագույնն է լինելու հաշվետվողականությունը»,- նշեց ԱՆ ներկայացուցիչը և հավելեց, որ հանձնաժողովին վերապահվելու է նաև հակակոռուպցիոն կրթության մի շարք այլ լիազորություններ:

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը մանրամասնեց, որ իրավաբանորեն լուծարվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը. «Այժմ որոշվում է մարմնի կազմակերպաիրավական ձևը, այսինքն՝ միանձնյա, թե՞ կոլեգիալ կազմակերպաիրավական ձև այն կունենա, սակայն մենք հստակ պատկերացնում ենք մի բան, որ այն կլինի ինքնավար և անկախ»,- շեշտեց պարոն Հակոբյանը:

Այս զեկույցների հաջորդեցին քննակումները, որոնց մասնակցում էին մի շարք գերատեսչությունների, իրավապահ մարմինների և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչներ: