Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համատեղ հուշագիր ստորագրեցին. aravot.am

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հուլիսի 12-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Նպատակները մի քանիսն են, նախ կողմերը իրենց առջև խնդիր են դնում նպաստել քաղաքական և վարչական կոռուպցիայի նվազեցմանը, աջակցել Հայաստանում արդյունավետ պետական կառավարման համակարգի զարգացմանը, թափանցիկության, հաշվետվողականության և բարեխղճության սկզբունքների տարածմանը, ինչպես նաև բարձրացնել հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակն ու նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության հատկորոշմանը և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որը ստեղծվել է 2014թ․ թվականին, ներկայումս համախմբում է շուրջ 80 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների։ Կոալիցիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում կոռուպցիայի նվազմանը՝ ներդնելով արդյունավետ հակակոռուպցիոն կառուցակարգեր, ինչպես նաև հասարակական վերահսկողություն իրականացնել ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նկատմամբ։ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի փոխանցմամբ՝ հուշագրի հիմնական թիրախում կոռուպցիայի վերացումն է հասարակության տարբեր ոլորտներում. «Մենք պետք է կարողանանք քաղաքական կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ հակակոռուպցիոն կառուցակարգեր ներդնել։ Մյուս կարևոր խնդիրը մեր քաղաքացիների հակակոռուպցիոն կրթությունն է և հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացումը։ Մենք պետք է համատեղենք մեր ուժերը, որպեսզի ի վերջո Հայաստանում ունենանք հակակոռուպցիոն կրթության համապարփակ ծրագիր»,- շեշտեց պարոն Զադոյանը։

Մանրամասները սկզբնաղբյուրում