Տարեց քաղաքացու անարդար վտարումը կանխվեց

Հայաստանի հյուսիսում գտնվող Վանաձոր քաղաքի տարեց բնակչուհի Օլյա Կազաևան վերջերս իմացավ, որ ինքն ու իր ընտանիքը վտարվում են իրենց տնից: Շենքը վերջերս վաճառվել էր աճուրդում տեղի իշխանությունների կողմից` Կազաևայի համոզմամբ, կեղծված փաստաթղթերով: Կազաևան, ով նախապես տեղեկացված չի եղել ու կանգնած էր վտարման սպառնալիքի առջև, դիմեց դատարան, որտեղ նրան ասացին, թե իր պահանջն անհիմն է: Սպառելով բոլոր հնարավորությունները` կինը դիմեց Վանաձորի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ):

Վերջինս հանդիսանում է Հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության և աջակցության 11 կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Կենտրոններ զանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերն այստեղ ստանում են անվճար իրավական աջակցություն:

Օլյան Կենտրոնի աշխատակիցներին պատմեց, որ վարկատուն իր հարևաններից մեկից պահանջում էր վճարել պարտքը: Նրա խոսքով, վարկատուն պայմանավորվել է տեղի հողային կադաստրի գրասենյակի հետ` ստանալու կեղծ սեփականության վկայական, ըստ որի Օլյայի բնակարանն իրականում պատկանում է հարևանին: Սեփականության այդ վկայականի հիման վրա էլ Օլյայի բնակարանը վաճառվել էր աճուրդում: Ավելին, աճուրդն անցկացնող գործակալության աշխատակիցները հավանաբար ստորագրություն էին կեղծել` մրցույթում հաղթող ճանաչելով վարկատուի բարեկամին:

Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի աշխատակազմն սկսեց գործել երկու ճակատով: Նախ, բողոք ներկայացրին Քաղաքացիական դատարան ու շահեցին դատը` վերադարձնելով գործն ընդհանուր իրավասության դատարան և հետաձգելով Օլյայի ու նրա ընտանիքի վտարումը: Երկրորդ, մարզային դատախազությունում հարուցեցին երկու քրեական գործ. մեկն ընդդեմ տեղի հողային կադաստրի գրասենյակի` պաշտոնական փաստաթղթերը կեղծելու մեղադրանքով, իսկ մյուսն աճուրդն անցկացնող գործակալության նկատմամբ` ստորագրությունները կեղծելու մեղադրանքով: Երկու գործերն էլ այժմ ընթացքի մեջ են:

Օլյան շնորհակալություն հայտնեց ՇՊԱԿ-ի աշխատակազմին` նշելով, որ առանց նրանց միջամտության իր ՙընտանիքը կարող էր հայտնվել փողոցում՚: Օլյայի դեպքը ցույց է տալիս, թե ինչպես են Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններն աջակցում Հայաստանի քաղաքացիներին` պայքարելու կոռուպցիայի դեմ այնպիսի ոլորտներում, ինչպիսին է սեփականության գրանցումը: