Թոշակառուի իրավունքները պաշտպանվեցին

Երբ 63-ամյա Արմենը որոշեց անցնել թոշակի, նա չէր սպասում, որ կկանգնի ամսական թոշակը 30 տոկոսով կրճատվելու վտանգի առջև: Նախկին բեռնատարի վարորդը նման տխուր հեռանկարի հետ բախվեց այն բանից հետո, երբ տեղի սոցիալական ապահովության գրասենյակը հրաժարվեց ճանաչել նրա աշխատանքային ստաժի տասը տարիները: Հայաստանում աշխատանքային գործունեության մանրամասներն արձանագրվում են յուրաքանչյուր մարդու աշխատանքային գրքույկում: Թեև Արմենի աշխատանքային գրքույկում այդ տասնամյա ժամանակահատվածը հստակորեն արձանագրված էր, տեղի սոցիալական ապահովության գրասենյակը շարունակում էր պաշտպանել սեփական որոշումը:

Սկզբում Արմենը փորձեց օգնություն ստանալ տեղի փաստաբաններից, սակայն ոչինչ չստացվեց, քանի որ անկարող էր վճարել նրանց ծառայությունների դիմաց: Հայտնվելով փակուղում` նա իր հայրենի Արմավիրում այցելեց Շահերի պաշտպանության և աջակցության նորաբաց կենտրոն (ՇՊԱԿ)` հուսալով օգնություն ստանալ այնտեղ: Արմավիրի ՇՊԱԿ-ը հանդիսանում է Հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության և աջակցության 11 կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Կենտրոններ զանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերն այստեղ ստանում են անվճար իրավական աջակցություն:

Երբ Արմենն ասաց, որ իրենից կաշառք են պահանջում կենսաթոշակային այդ վեճը լուծելու համար, Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը գրություն ուղարկեց տեղի սոցիալական ապահովության գրասենյակ: Նամակում ՇՊԱԿ-ը վկայակոչել էր Արմենի աշխատանքային գրքույկը, որը հաստատում է օրենքի սահմաններում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նրա իրավունքը: Սոցիալական ապահովության գրասենյակը շարունակում էր պնդել իր նախնական որոշումը, ուստի ՇՊԱԿ-ի իրավաբանները, համառորեն պնդելով իրենց դիրքորոշումը, հայցով դիմեցին դատարան: Դատական հայցի ծանուցագիրը ստանալուն պես սոցիալական ապահովության գրասենյակը փոխել է իր դիրքորոշումը և վերանայել թոշակի գումարը` Արմենի օգտին:

 ՙԵս Ես շատ գոհ եմ ՇՊԱԿ-ի ցուցաբերած աջակցությունից՚, – ասել է Արմենը: – ՙՀամոզված եմ, որ առանց նրանց օգնության կկորցնեի կենսաթոշակիս զգալի մասը` պարզապես պաշտոնյաների կողմից իշխանության չարաշահման և օրենքի խախտման պատճառով: Ես արդեն ասել եմ բոլոր ընկերներիս ու բարեկամներիս, թե ուր գնան, եթե խախտվեն իրենց իրավունքները՚: