ՇՊԱԿ-ը ընդդեմ հանրային ծառայություն մատուցող կառույցի

01.12.2011թ. Տավուշի ՇՊԱԿ է դիմել նույն մարզի Կողբ գյուղի բնակիչ Ա. Փ.-ը և հայտնել այն մասին, որ 14.01.2010թ. պլանային փոխարինման նպատակով փոխարինվել է իրենց բնակարանի գազամատակարարման հաշվառքի սարքը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի տարածքային տեղամասի աշխատակիցները հաշվառքի սարքի փոխարինման ժամանակ որևէ անսարքություն չեն նկատել և այդ մասին որևէ գրառում չեն կատարել:

Քաղաքացին հայտնել է նաև, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի տարածքային տեղամասի աշխատակիցները 2011թ. նոյեմբերի 14-ին իրենից պահանջել են վճարել հաշվառքի սարքի փոխարինման, տեղափոխման, վերանորոգման ստուգաչափման արժեքը` 93579.6 ՀՀ դրամ`պատճառաբանելով, որ առկա է հաշվառքի սարքի արտաքին միջամտություն` ներկայացնելով 21.01.2010թ. կազմված եզրակացություն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ –ի փոխտնօրենի ստորագրությամբ գրություն, որն, ի դեպ, թվագրված չէ: Չստանալով պահանջվող գումարը` 2011թ. նոյեմբեր ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի տարածքային տեղամասի հսկիչը դադարեցրել է Ա. Փ.-ի բնակարանի գազամատակարարումը:

Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման պայմանագրի 4.2-րդ կետի համաձայն` հաշվառքի սարքի ձեռքբերման հավաքակցման և շահագործման ծախսերը իրականացնում է մատակարարը:

Նույն պայմանագրի 7.1-րդ կետի դ ենթակետի համաձայն` մատակարարը կարող է ժամանակավորապես ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազմատակարարումը բաժանորդի կողմից հաշվառքի սարքի շրջանցմամբ կամ հաշվառքի սարքի միտումնավոր խախտմամբ գազի օգտագործման դեպքում: Սակայն ինչպես երևում էր ներկայացված փաստաթղթերից, պլանային փոխարինման նպատակով հաշվառքի նախկին սարքի փոխարինման ժամանակ սարքի արտաքին միջամտություն չէր արձանագրվել, հետևաբար որևէ կերպ չի հիմնավորվում բաժանորդի կողմից հաշվառքի սարքի միտումնավոր խախտմամբ գազի օգտագործման փաստը, ինչն էլ ենթադրում է, որ բաժանորդի բնակարանի գազամատակարարումն ընդհատվել է վերոհիշյալ պայմանագրի գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման պայմաններին ոչ համապատասխան և առանց իրավական հիմքերի:

Հաշնի առնելով ստեղծված իրավիճակը և այն հանգամանքը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժանորդի բնակարանի գազամատակարարումը դադարեցված էր, Տավուշի ՇՊԱԿ-ի կողմից դիմում է կազմվել և ուղղարկվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վ. Հարությունյանին:

Ընդամենը երեք օրից բաժանորդի գազամատակարարումը վերականգնվել է և չեղյալ համարվել 93579.6 ՀՀ ծախսերի ակտը: Իսկ քաղաքացին իր խորին շնորհակալությունը հայտնեվ ՇՊԱԿ-ին` իրավական աջակցություն ցուցաբերելու համար: