Շահառուի անօթևան մնալու կարգավիճակը այլևս մնաց անցյալում

Արագածոտնի հակակոռուպցիոն կենտրոնի Ապարանի ընդունարան (նախկին անվանումը Ապարանի ՇՊԱԸ) էր դիմել քաղաքացի Ա. Շ.-ն` խնդրելով աջակցություն ցուցաբերել իրեն:

Խնդիրը հետևյալում էր. քաղաքացի Ա. Շ.-ն` որպես անօթևան, տուն կառուցելու նպատակով տնամերձ հողամաս հատկացնելու խնդրանքով, 20.04.2012թ. դիմել էր ՀՀ նախագահին: Դիմումը քննարկվել էր Արագածոտնի մարզպետարանում, որի արդյունքում մարզպետարանի 14.05.2012թ. համար 01/19 1449-12 գրությամբ հանձնարարվել էր գյուղապետին` համաձայն ՀՀ Կառավարության 14.05.2002թ. թիվ 498 որոշման՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներից քաղաքացուն հատկացնել հողամաս: Որոշմամբ սահմանվում է, որ թույլատրվում է վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված համայնքների վարչական սահմաններում՝ ընդգրկված քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա (այսուհետև՝ գյուղատնտեսական նշանակության հողամասեր) կառուցել մինչև 150 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով բնակելի և մինչև 300 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր ու շինություններ: Ընդ որում, միայն այն հողամասերի վրա, որոնց մակերեսը առնվազն մեկ հեկտար է և այն ցանկը, որով սահմանվում է, թե որո՞նք են Հայաստանի Հանրապետության մարզերի այն համայնքները, որոնց վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արգելվում է բնակելի և (կամ) հասարակական և (կամ) արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը, տվյալ համայնքը ընդգրկված չէ:

Չնայած վերը նշվածի հանգամանքների, համայնքի ղեկավարը ավելի քան չորս ամիս ձգձգելով` հրաժարվել էր կատարել ՀՀ Կառավարության և մարզպետարանի որոշումների պահանջները` պատճառաբանելով, որ համայնքը զուրկ է համայնքային նշանակության հողամասերից:

Արագածոտնի հակակոռուպցիոն կենտրոնի Ապարանի ընդունարան այցելելուց և իր խնդիրը մանրամասնորեն ներկայացնելուց հետո, ակնհայտ էր, որ համայնքապետը ցուցաբերում է անգործություն, և չէր բացառվում, որ հնարավոր է ի հայտ գան նաև կոռուպցիոն վարքագծի դրսևորումներ: Ստանձնելով քաղաքացու իրավունքների պաշտպանությունը և կանխելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, Ապարանի հակակոռուպցիոն ընդունարանի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում գյուղապետի կողմից շահառուին հատկացրեց անհրաժեշտ հողակտորը, և ևս մեկ ընտանիք Հակակոռուպցիոն ընդունարանի շնորհիվ վերականգնեց իր ոտնահարված իրավունքներն ու օրինական շահերը` ընդմիշտ հրաժեշտ տալով անօթևան մնալու կարգավիճակին: