Վարչական դատարանը մերժեց ճանապարհային ոստիկանության հայցն ընդդեմ վարորդի

2012 թվականի հունիսի 26-ին Տավուշի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել Իջևան քաղաքի բնակիչ Էդիկ Հարությունյանը: Նա վարչական դատարանից ստացել էր ծանուցում իր դեմ ներկայացված հայցի մասին: Դեռևս 2011 թվականին Էդիկ Հարությունյանը խնդիր էր ունեցել ճանապարհային ոստիկանության հետ: Աբովյան քաղաքում նրան կանգնեցրել էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և ցանկացել էին վարչական պատասխանատվության ենթարկել` իբր ամրագոտին չկապելու համար: Իրականում քաղաքացին ամրագոտին կապած է եղել, սակայն ոստիկանները թույլ են տվել օրենքի պահանջների խախտում և ակտ են կազմել:

Էդիկը Հարությունյանը, համաձայն չլինելով վարչական ակտին, իր անհամաձայնությունն է հայտնել ակտում գրառում կատարելով: Թվում էր, թե այս պատմությունը մոռացվել է, սակայն պարզվում է, որ այն դեռ չի ավարտվել, և շարունակվելու է արդեն դատարանում:

Էդիկը Հարությունյանը, համաձայն չլինելով իրեն վերագրված իրավախախտման հետ, բնականաբար, չէր վճարել երեք հազար դրամ տուգանքը: Իսկ ճանապարհային ոստիկանությունը, դիմելով ՀՀ Վարչական դատարան, պահանջել էր Էդիկ Հարությունյանից բռնագանձել տուգանքի հնգապատիկը` տասնհինգ հազար դրամ:

Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբանները, ուսումնասիրելով գործին առնչվող փաստաթղթերը, ստանձնեցին քաղաքացու իրավունքների դատական պաշտպանությունը: Կազմվեց հայցադիմումի պատասխան և ուղարկվեց ՀՀ Վաչական դատարան:

2012 թվականի հուլիսի 14-ին վարչական դատարանի Սևանի նստավայրում քննվեց ճանապարահային ոստիկանության հայցն ընդդեմ Էդիկ Հարությունյանի 15000 դրամ բռնագանձելու պահանջի մասին: Հայցվոր կողմը ոչ միայն դատարան չէր ներկայացել, այլև իր պահանջը հիմնավորող որևէ ապացույց չէր ներկայացրել դատարան: Իսկ Կենտրոնի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի ու ապացույցների հիման վրա դատարանը մերժեց հայցը, Էդիկ Հարությունյանն էլ խուսափեց անհիմն ծախսերից: Մեկ ամիս անց վճիռը մտավ օրինական ուժի մեջ: