“2004թ.-ի “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային դատախաղ մրցույթի” ազգային մրցափուլ

“2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” միջազգային մրցույթն ունի 45 տարվա պատմություն: Այն անց է կացվում իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների միջև:
ՀՀ-ում դատախաղ-մրցույթը կազմակերպվում է 4-րդ անգամ: Մրցույթի կազմակերպիչներն են “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Ազգային մրցույթը բաղկացած է 2 փուլից` գրավոր և բանավոր:
2004թ.-ի մրցույթի հիմնահարցը վերաբերում է միջազգային քրեական դատարանի վերաբերյալ տարաձայնություններին:
“2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” միջազգային մրցույթի ազգային փուլին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել Երևանի և ՀՀ մարզերի ԲՈՒՀ-երի 13 թիմեր, սակայն մրցույթի ժամանակցույցով սահմանված գրավոր աշխատանքների վերջնաժամկետին` հունվարի 12-ին աշխատանքներ էին ներկայացրել 7 թիմեր: 2004թ.-ի հունվարի 13-ից հունվարի 30-ն ընկած ժամանակամիջոցում կատարվեց գրավոր աշխատանքների ստուգումը դատավորների կողմից:
Մրցույթի բանավոր փուլը տեղի կունենա 2004 թվականի փետրվարի 7-8-ին` “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում:
Այն բաղկացած է 4 նախնական մրցափուլերից, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերից:
Մրցույթում հաղթող թիմը կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու 2004թ.-ի մարտի 28-ից ապրիլի 3-ը կայանալիք միջազգային փուլին, որտեղ ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը: