“2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի արդյունքները

Հայաստանում 4-րդ անգամ տեղի ունեցավ “2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթը, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
“2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 13 թիմեր` Երևանից և ՀՀ մարզերից:
2004թ.-ի փետրվարի 7-8-ը Երևան քաղաքում, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցավ “2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթը, որին մասնակցեցին 6 թիմեր: Փետրվարի 7-ին, հաստատված ժամանակցույցին համապատասխան, անցկացվեցին մրցույթի 1-ին, 2-րդ, 3-րդ նախնական մրցափուլերը, փետրվարի 8-ին անցկացվեցին մրցույթի 4-րդ նախնական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը:
“2004թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հաղթող ճանաչվեց ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը: Լավագույն հայցադիմում ճանաչվեց ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմի պատասխանողի հայցադիմումը, մրցույթի նախնական մրցափուլերի լավագույն բանախոսներ ճանաչվեցին Եղիշե Կիրակոսյանը ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի թիմից, Արմինե Ղազարյանը Երևանի “Մանց” համալսարանի թիմից, Նարինե Բեգլարյանը Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի թիմից, իսկ մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը:
Մրցույթի ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր մրցանակաբաշխություն և ընդունելություն, որին մասնակցեցին հյուրեր, մրցույթի դատավորներ, ուսանողներ: Մրցույթում հաղթող և 2-րդ տեղը գրաված թիմերին, մրցույթի և նախնական մրցափուլերի լավագույն բանախոսներին պաշտոնական արարողությամբ շնորհվեցին համապատասխան հավաստագրեր, որոնք հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ.Օրդուեյը, Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ք.Քենդրիքը, ՀՀ նախագահի օգնական, մրցույթի դատավոր, միջազգային իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս Վ.Սարգսյանը, ՀԵԻԱ փոխնախագահ, փաստաբան Դ.Աբգարյանը, ՀԵԻԱ գործադիր տնօրեն Ա.Սարիբեկյանը, ՀԵԻԱ անդամներ ու մրցույթի կազմակերպիչներ Լ.Աբգարյանը և Ն.Գասպարյանը:
Մրցույթի վերաբերյալ կարծիքներ արտահայտեցին ՀԵԻԱ նախագահ, փաստաբան Կ.Զադոյանը, Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ք.Քենդրիքը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ.Օրդուեյը, մրցույթի դատավոր Վ.Սարգսյանը, մրցույթի կազմակերպիչներ Լ.Աբգարյանը և Ն.Գասպարյանը:
Ըստ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, այս մրցույթը նպաստում է Հայաստանում իրավական նոր մշակույթի ձևավորմանը, մասնավորապես միջազգային իրավունքի ուսումնասիրման խթանմանը, ուսանողների կողմնորոշմանը դեպի միջազգային իրավունքը, Հայաստանում տարբեր միջազգային կոնվենցիաների դրույթների անմիջական կիրառման ավանդույթի արմատավորմանը: Նմանատիպ միջոցառումները նպաստում են նաև գործող իրավաբանների և փաստաբանների գիտելիքների հարստացմանը միջազգային իրավունքի ոլորտում, ինչը շատ կարևոր է միջազգային ատյաններում Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանության առումով:
ԱՄՆ դեսպան Ջոն Օրդվեյը իր գոհունակությունը հայտնեց այս մրցույթի անցկացման առթիվ և կարևորեց նոր սերնդի իրավաբանների դերը իրավական պետության կայացման գործում:
ՀՀ նախագահի օգնական, մրցույթի դատավոր Վիգեն Սարգսյանը բարձր գնահատելով մրցույթում թիմերի պատրաստվածությունը, նշեց, որ այս մրցույթը հնարավորություն է տալիս իրավաբան ուսանողներին լրացուցիչ աշխատանք կատարելով, ծանոթանալ միջազգային նորմերին, որոնց իմացությունն անհրաժեշտ է գործին ներկայանալու համար: Ըստ նրա թե° պետական, թե° արտոնագրված ոչ պետական բուհերի ուսանողները բարձր պատրաստվածությամբ են հանդես եկել և նրանց տարբերությունը տեսանելի չէր:
Մրցույթի համակազմակերպիչ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Լուսինե Աբգարյանը նշեց, որ ուրախալի էր տեսնել ուսանողների հետաքրքությունը և ակտիվությունը մրցույթի ընթացքում, այն, որ տարեցտարի աճում է թիմերի ցուցաբերած գիտելիքների մակարդակը և կարևորեց կազմակերպման ավանդույթի շարունակելիությունը:
Նույն օրը, մրցույթի պաշտոնական կանոններին համաձայն, Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի վաշինգտոնյան գործադիր գրասենյակ ներկայացվեց մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի թիմը մարտի 28-ից ապրիլի 3-ը Վաշինգտոնում կմասնակցի մրցույթի միջազգային փուլին: