Համագործակցություն ԱՊՀ երկրների իրավաբանական կազմակերպությունների հետ

2004թ.-ի փետրվարի 16-ին Կիև քաղաքում Ամերիկայի իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության “ԱՊՀ երկրներում կազմակերպությունների զարգացում” տարածաշրջանային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համաժողով` նվիրված արդյունքների ներկայացմանը և արդյունավետության գնահատմանը, որի աշխատանքներին մասնակցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Արտյոմ Փիլոյանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հասարակական կազմակերպությունների համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որոնց առկայության դեպքում կազմակերպությունները կկարողանան գնահատել ԱՊՀ այլ երկրի նույն բնագավառում գործող մեկ այլ կազմակերպության ազդեցության աստիճանը տվյալ երկրի իրավական բարեփոխումների վրա:
Հասարակական կազմակերպությունների գործունեության փոխադարձ գնահատման արդյունքում յուրաքանչյուր կազմակերպություն կստանա իր երկրում իրականացվող իրավական բարեփոխումների գործընթացում սեփական ազդեցության գնահատման վերաբերյալ հաշվետվություն, որի արդյունքում տվյալ կազմակերպությունը կարող է քայլեր ձեռնարկել իր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Սույն ծրագիրը արդեն իրականացվել է նախորդ տարի և 2004թ.-ի փետրվարի 16-ին տեղի ունեցած համաժողովի ընթացքում մասնակից կազմակերպությունների կողմից հանգամանորեն ներկայացվել են իրենց կողմից նախկինում կատարված աշխատանքների արդյունքները: Ծրագիրն ունի շարունակական բնույթ և այս տարվա փուլի համար, որպես մասնակից կազմակերպություններ, ընտրվել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, “Ղրղզստանի իրավաբաներ” ասոցիացիան (Ղրղզստան), “ԷՔՈ-ԼԵՔՍ” (Մոլդովա) և “ԷՔՈՊՌԱՎՈ-ԼՎՈՎ” (Ուկրաինա) կազմակերպությունները:
Նախատեսվում է, որ համապատասխան ուսուցումից հետո, ծրագրի ներկա փուլում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կգնահատի Ղրղզստանի իրավական ռեֆորմների վրա “Ղրղզստանի իրավաբաններ” ասոցիացիայի ազդեցության աստիճանը: