Համագործակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ

2004թ.-ի փետրվարից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության կողմից ֆինանսավորած “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր, սկսել է իրականացնել “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի հիմնական նպատակն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանների կողմից մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության շրջանում տեղեկատվություն տարածել: Սույն ենթածրագրի շրջանակներում 2004թ.-ի փետրվարի 18-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը, փոխնախագահը և “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” միջազգային փորձագետը հանդիպեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքները, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ հրատարակել 4 տեղեկատվական թերթիկ և հեռարձակել 6 ռադիոհաղորդում: