«Կոռուպցիայի դրսևորման եղանակները և դրա դեմ պայքարը աշխարհում» 3-րդ գիտաժողով

2012 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» իրավաբան ուսանողների հանրապետական 3-րդ գիտաժողովի բանավոր փուլն ու ամփոփումը:

Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ Հայաստանի իրավաբանական հիմնադրամի աջակցությամբ:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին զեկույցներ ներկայացրին 14 իրավաբան ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրին իրենց աշխատանքները, անդրադառնալով` կոռուպցիայի բնորոշմանը և դրսևորումներին, դրա դեմ պայքարին վերաբերող միջազգային և ներպետական իրավական ակտերին, ներկայացնելով իրենց տեսակետները կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին ժյուրիի կողմից, որոնց թվում էին ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Անահիտ Հակոբյանը, Գեղամ Այվազյանը և Կարեն Հովհաննիսյանը:

«Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» իրավաբան ուսանողների հանրապետական 3-րդ գիտաժողովի հաղթող ճանաչվեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Լուսինե Ղարագյոզյանը, մրցույթի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարանի ուսանող Արմեն Պողոսյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Շուշանիկ Ավագիմյանը:

Գիտաժողովի բանավոր փուլի մասնակիցներին հանձնվեցին արժեքավոր մրցանակներ: