“Մասնակցային գործընթացի ուղեցույցը” հավանություն արժանացավ ԱՀՌԾ աշխատանքային խմբի կողմից

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում 2004թ.-ի հունիսի 8-ին տեղի ունեցավ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի աշխատանքնային խմբի նիստ, որտեղ քննարկվեց “Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում մշակված “Մասնակցային գործընթացի ուղեցույցը”: Այն ներկայացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, ուղեցույցի համահեղինակ Կարեն Զադոյանը: Ուղեցույցի վերաբերյալ ծավալվեց շահագրգիռ քննարկում, որի ընթացքում Կ.Զադոյանը պատասխանեց ԱՀՌԾ աշխատանքային խմբի անդամների հարցերին: Ուղեցույցը ԱՀՌԾ աշխատանքային խմբի կողմից արժանացավ դրական գնահատականի, այն շուտով կհրատարակվի և կհանրայնացվի:
“Մասնակցային գործընթացի ուղեցույցում” հեղինակները հիմնականում անդրադարձել են պետական կառավարման մակարդակում հանրային քաղաքականությունների մշակման, որոշումների ընդունման, ռեսուրսների, հանրային ապրանքների ու ծառայությունների բաշխման և վերաբաշխման գործընթացներին հանրության, մասնավորապես հասարակական կազմակերպությունների տեղեկատվության տրամադրման, խորհրդատվության և ակտիվ մասնակցության միջոցներին ու մեխանիզմներին: Ուղեցույցում տրվել են նաև ընդհանուր մոտեցումներ նախարարություններ – հասարակական կազմակերպություններ երկխոսության հաստատման և զարգացման համար, դրանց իրականացման միջազգային փորձի իրավիճակներ, ինչպես նաև այն հիմնական իրավական, ինստիտուցիոնալ փաստաթղթերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ նախարարություններ – հասարակական կազմակերպություններ համագործակցության համար: