Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայաստանյան հասարակական սեկտորի առաջամարտիկ

“Համաշխարհային ուսուցում` հանուն միջազգային զարգացման/ՀԿ հզորացման ծրագիրը” և Կառավարման միջազագային համակարգեր կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված միջոցների հաշվին իրականացրել են Հայաստանի հասարակական կազմակերպությունների սեկտորի 2001-2004 թվականների համեմատական հետազոտություն: Հետազոտությունը ամփոփում է 347 հասարակական կազմակերպությունների և վեց մարզերում 61 “կարծիք ձևավորողների” միջավայրում կատարված հարցազրույցների արդյունքները: Հետազոտության արդյունքներով հրատարակվել է ամենից հաջող, հասուն և առաջադեմ հայաստանյան 13 հասարակական կազմակերպությունների ցանկը: Ցանկում առաջինը նշված է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան մասնաճյուղեր ունի երկրի 8 մարզերում, որոնք կոչված են խթանելու Հայաստանի զարգացմանը, որպես ինքնիշխան, իրավական և ժողովրդավարական պետություն: Տարբեր ոչ հայաստանյան դոնոր կազմակերպություններ անմիջականորեն ֆինանսավորում են ՀԵԻԱ-ին: ՀԵԻԱ-ն ունի լավ մշակված ռազմավարական պլան, հատուկ քաղաքականություն և հասարակության հետ կապերի ուժեղ ռազմավարություն: Սա այն բացառիկ կազմակերպություններից է, որը հրատարակում է տարեկան հաշվետվություններ երկու լեզուներով (հայերեն և անգլերեն) և հաշվետու է լինում իր շահառուների, շահագրգիռ խմբերի, կառավարության և դոնոր կազմակերպությունների առջև: ՀԿ-ի աուդիտը իրականացվում է միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից”, – գրված է հետազոտության ՀԿ-ների հաջողությունները և նվաճումները հավելվածում:
Հետազոտության մեջ բերված մյուս հաջողակ ՀԿ-ներն են` “Առաքելություն Հայաստան”, “Տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանն աջակցող տեղեկատվական-ուսուցողական կենտրոն”, “Հետաքննող լրագրողների ընկերակցություն”, “Աստղիկ”, “Հայաստանի վաճառականների միություն”, “Գորիսի ուսուցիչների միություն”, Գյումրի “Մուշ-2 համայնքային կենտրոն”, Գյումրիի “Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ”, Վանաձորի “Լուսաստղ”, Վանաձորի “Մեդիա գրուփ”, “Վանաձորի երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերություն” հասարակական կազմակերպությունները և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղը: