Ավարտվեց հասարակական կազմակերպությունների 2004թ.-ի համաժողովը և ցուցահանդեսը

2004թ.-ի հոկտեմբերի 17-ին Երևանում ավարտվեց հասարակական կազմակերպությունների 2004թ.-ի եռօրյա համաժողովը և ցուցահանդեսը: Ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում գործեց ՀԵԻԱ տաղավարը, որտեղ ցուցադրվեցին ՀԵԻԱ գործունեության հետ առնչվող զանազան տպագիր և էլեկտրոնային նյութեր: Համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 17-ին “Քաղաքացիական հասարակության զարգացման միտումները Հայաստանում և հասարակական մասնակցության ու վերահսկողության մեխանիզմները” թեմաներով պլենար նիստում “Մասնակցային գործընթացը Հայաստանում” զեկուցումով հանդես եկավ ՀԵԻԱ նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: Պլենար նիստին հաջորդեց կլոր սեղան քննարկում, որի ընթացքում Կ.Զադոյանը պատասխանեց ՀԿ-ների հարցերին և ներկայացրեց Հայաստանում մասնակցության գործընթացի ներկա վիճակը ու նախանշեց զարգացման հեռանկարները: Համաժողով/ցուցահանդեսի վերջում բոլոր մասնակից ՀԿ-ները արժանացան մասնակցության վկայագրերի, իսկ ցուցահանդեսի երեք լավագույն ոլորտները ներկայացնող տաղավարները արժանացան խրախուսական մրցանակների: Համաժողով/ցուցահանդեսը կազմակերպվել էր Կրթության զարգացման ակադեմիայի կողմից` “Համաշխարհային ուսուցում” կազմակերպության և Ամերիկայի հայկական համագումարի Հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվական միջոցների կենտրոնի հետ համատեղ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ֆինանսական աջակցությամբ: Համաժողով/ցուցահանդեսին մասնակցեցին մոտ հարյուր ութսուն հայաստանյան հասարակական կազմակերպություններ: