«Կոռուպցիայի դրսևորման եղանակները և դրա դեմ պայքարը աշխարհում» 2-րդ գիտաժողով

Կարևորելով իրավաբան ուսանողների մասնակցության ապահովումը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,  Երևանի ՇՊԱԿ-ը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ նաև իրավաբան ուսանողների համար: Մասնավորապես, իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը բարձրացնելու, վերջիններիս ինքնուրույն հետազոտություններ կատարելու հնարավորություն ընձեռելու, օրենսդրական դաշտում առկա խնդիրները բարձրացնելու և դրանց լուծման ուրույն տարբերակներ ներկայացնելու նպատակով Երևանի ՇՊԱԿ-ը հակակոռուպցիոն միջազգային օրվան ընդառաջ` 2011 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի իրավաբանական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր «Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով իրավաբան ուսանողների 2-րդ հանրապետական գիտաժողովը:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 13 իրավաբան ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 11 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, անդրադառնալով` կոռուպցիայի բնորոշմանը և դրսևորումներին, դրա դեմ պայքարին վերաբերող միջազգային և ներպետական իրավական ակտերին, ներկայացնելով իրենց տեսակետները կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին ժյուրիի կողմից, որոնց թվում էին ՀՀ դատախազության աշխատակազմի կազմակերպական-մեթոդական և հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, փաստաբան Անահիտ Հակոբյանը և Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը:

«Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով իրավաբան ուսանողների 2-րդ հանրապետական գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ներսեսյանը, ով նաև ճանաչվեց գիտաժողովի հաղթող: Բանավոր փուլի հաղթող ճանաչվեց Հրազդանի հումանիտար ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Այվազյանը, ով դարձավ գիտաժողովի 2-րդ մրցանակակիր: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրասիա միջազգային համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Ռիմա Մարտիրոսյանը:

Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:
Գիտաժողովը լուսաբանվել է «Ար» հեռուստաընկերության և լրատվական կայքերի կողմից: