«Կոռուպցիայի դրսևորման եղանակները և դրա դեմ պայքարը աշխարհում» 1-ին գիտաժողով

2010 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ՝ բանավոր փուլը:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի` 2003թ. հոկտեմբերի 31-ի թիվ 58/4 որոշման համաձայն, դեկտեմբերի 9-ը ճանաչվել է միջազգային հակակոռուպցիոն օր: Նշված որոշման նպատակն է` բարձրացնել հանրության իրազեկությունը կոռուպցիայի վերաբերյալ և մեծացնել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում: Քանի որ Հայաստանի իրավաբանական հիմնադրամի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Երևանի ՇՊԱԿ-ի գործունեության ուղղություններից մեկն էլ հանդիսանում է հակակոռուպցիոն կրթման առանձնահատուկ հիմնախնդիրներն ու հակակոռուպցիոն բնագավառի փորձին նվիրված միջոցառումների կազմակերպումը և աշխատանքների կատարումը, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի աջակցությամբ՝ ՀԵԻԱ-ն և Երևանի ՇՊԱԿ-ը կազմակերպել էին «Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 34 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 10 իրավաբան ուսանողներ: Ներկայացված յոթ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցելու բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնցում անդրադարձել էին կոռուպցիոն ոլորտում առկա հիմնախնդիրներին և առաջարկելով նորանոր լուծումներ դրանց իրագործման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր անդամներից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին ՀՀ դատախազության աշխատակազմի կազմակերպական-մեթոդական և հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի ներկայացուցիչ Իրինա Ռուխկյանը, Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը:

«Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» խորագրով իրավաբան ուսանողների հանրապետական ուսանողական գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինա Գասպարյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Գարեգին Սալախյանը: Երևանի Հյուսիսային Համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Գայանե Արշակյանը արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին և ճանաչվեց գիտաժողովի բանավոր փուլի հաղթող և լավագույն հռետոր: Գիտաժողովին դատավոր Վաչե Քալաշյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Գարեգին Սալախյանը:

Իսկ գիտաժողովի հաղթող դարձավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինա Գասպարյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի: