Գրադարաններից օգտվելու կանոններ

ԻՀԱ-ի իրավաբանական գրադարաններից օգտվելու կանոններ

1. ԻՀԱ-ի իրավաբանական գրադարաններից (այսուհետև՝ գրադարաններ) կարող են օգտվել իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողները, պրակտիկ աշխատող երիտասարդ իրավաբանները, փաստաբանները, ինչպես նաև իրավագիտությամբ հետաքրքրվող այլ մասնագիտություններ ունեցող անձինք:
2. Կարելի է օգտվել գրադարանների հետևյալ ծառայություններից.
o իրավաբանական և այլ գրականություն,
o ՀՀ օրենսդրության համակարգչային ծրագիր,
o ինտերնետային ցանց,
o էլեկտրոնային փոստի ծառայություններ:
3. Գրականությունից կարելի է օգտվել առկա և հեռակա կարգով:
4. Առկա կարգով գրադարաններից օգտվելու ժամկետը չի սահմանափակվում: Ընթերցողն իրավունք ունի նախօրոք ամրագրել մինչև 2 գիրքը: Գիրքը ամրագրված կարող է մնալ մինչև 7 օր: Եթե ամրագրելուց հետո 7 օրվա ընթացքում ընթերցողը չի օգտվում գրքից, ապա ամրագրումը ավտոմատ կերպով հանվում է:
5. Գրադարաններից դուրս գիրք տրվում է առավելագույնը 7 օր ժամկետով, ԻՀԱ-ի համակիր անդամներին՝ 10 օր ժամկետով, իսկ ԻՀԱ-ի անդամներին՝ 12 օր ժամկետով: Ընթերցողը գրադարաններից դուրս գիրք տանելու դեպքում պարտավոր է թողնել անձնագրին հավասարազոր փաստաթուղթ: ԻՀԱ-ի անդամները գրադարանների ծառայություններից օգտվում են իրենց անդամության վկայականներով: ԻՀԱ-ի այն համակիր անդամները, ովքեր 2005թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում վճարել են 2005թ.-ի իրենց անդամավճարները ամբողջությամբ, 2005թ.-ի ընթացքում գրադարանների ծառայություններից օգտվում են իրենց անդամության վկայականներով: Հաճախորդի անձնագրային տվյալները եւ հեռախոսահամարը լրացվում են համապատասխան մատյանում:
6. Յուրաքանչյուր ընթերցող գրադարաններից դուրս կարող է տանել միայն մեկ գիրք, իսկ բացառիկ դեպքերում, ԻՀԱ-ի նախագահի թույլտվությամբ՝ ԻՀԱ-ի անդամները կարող են գրադարաններից դուրս տանել մինչև երեք գիրք, իսկ համակիր անդամները՝ երկու գիրք:
7. Գրքի ժամկետը լրանալու դեպքում հաճախորդը կարող է 7 օրով երկարացնել այդ գրքի ժամկետը, բայց ոչ ավել քան ամիսը 1 անգամ:
8. Գիրքը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում հաճախորդին առաջին անգամ տրվում է նախազգուշացում, որից հետո խախտումը կրկնվելու դեպքում հաճախորդը զրկվում է գրադարանների ռեսուրսների օգտվելու իրավունքից մինչեւ 3 ամիս ժամկետով:
9. Գիրքը վնասելու, փչացնելու կամ կորցնելու դեպքում ընթերցողը պարտավոր է տասնօրյա ժամկետում գրադարանին հատկացնել նույն գրքից կամ վճարել գրքի արժեքի կրկնապատիկը:
10. Համակարգիչներից կարելի է օգտվել միայն գրադարանավարների ցուցումով և օգնությամբ:
11. Համակարգիչներից օգտվելու համար ըստ սահմանված կարգի կարելի է նախօրոք հերթագրվել նշելով օրը և ժամը, որը գրանցվում է համապատասխան գրանցամատյանում եւ հաշվառման թերթիկում:
12. Հաճախորդները պարտավոր են գրադարաններում պահպանել լռություն և ենթարկվել գրադարաններից օգտվելու սահմանված կարգին: